Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի պարենի ապահովման ծրագրերի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոզիին եւ քննարկել ոռոգման համակարգին առնչվող հարցեր:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ջուզեպպե Ֆանտոզին գյուղատնտեսության նախարարին տեղեկացրել է, որ նպատակ ունի առաջիկայում կազմել եւ իրականացնել Հայաստանի ոռոգման համակարգի բարելավմանը միտված մի նոր ծրագիր եւ այդ հարցի շուրջ նախնական քննարկումներ է ներկայումս իրականացնում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, Պարենի համաշխարհային կազմակերպության եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Կարեւորելով ներկայացվող  առաջարկը, նախարարը նշել է, որ չնայած միջազգային կառույցների աջակցությամբ` այդ թվում «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրով, բավականին աշխատանք է կատարվել ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ, սակայն անելիքները դեռեւս շատ են: Նա հատկապես կարեւորել է Արարատյան հարթավայրում ցամաքուրդային մաքրման համակարգերի կառուցումը, քանի որ վերջիններիս բացակայոթյունը հանգեցնում է աղակալման եւ խոչընդոտում հողերի լիարժեք օգտագործմանը: Նախարարը անդրադարձել է նաեւ ոռոգման ներցանցային համակարգի բարելավման անհրաժեշտությանը:

«Խնդիր ունենք նաեւ պոմպակայանների արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ ջրօգտագործողների կողմից փաստացի օգտագործած ջրերի ծավալների ճշգրտման մասով»,- հավելել է նա:

Իր հերթին Ջուզեպպե Ֆանտոզին նշել է, որ ներկայացվող դիտարկումների հիման վրա ստեղծվելիք փաստաթուղթը կներկայացվի քննարկման:

Կողմերը պայմանավորվել են մարտին նախատեսվող հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել նաեւ սննդի անվտանգությանն առնչվող հարցեր: