ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը Սարդարապատ համայնքի թիվ 27 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Ռուստամ Գասպարյանը: Վերջինս պատասխանելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ասել է, որ ինքն այդ ընտրատարածքում պաշտպանելու է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի թեկնածությունը, նշեց. «Ես դնելու եմ իմ թեկնածությունը միանշանակ, բայց ժողովուրդն է որոշում ով ընտրվի, ով` ոչ: Խոստումներով չի այդ հարցը որոշվում»:

Ռուստամ Գասպարյանին փոխանցեցինք, որ Նահապետ Գեւորգյանն իր անունը լսելիս բորբոքվեց եւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է իր անունը լսելիս նա ափերից դուրս գալիս, ինչին ի պատասխան Ռ. Գասպարյանը ծիծաղելով արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, թե իմ անունն իրեն ինչո՞ւ է այդքան վախեցնում: Քաղաքական հակառակորդ է ինքը: Երեւի, իր պարտությունն արդեն զգացել է դրա համար էլ ափերից դուրս է եկել»: Ռուստամ Գասպարյանը նաեւ խոստովանեց, որ լարված ընտրապայքար է կանխատեսում. «Յուրաքանչյուր տեղ էլ պայքարը լարված է լինելու, ինչը բնական է, որովհետեւ ընտրություններ են»:

Ի դեպ, վերջինս հիշեցրեց, որ ինքը կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է եւ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցնելու արդյունքում է իր թեկնածությունը առաջադրում: «Մենք համարձակորեն գնում ենք ընտրությունների»,-ավելացրեց Ռուստամ Գասպարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը («Նովո») Սարդարապատ համայնքի թիվ 27 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր ինքը` Նահապետ Գեւորգյանը: Նա եւ Ռուստամ Գասպարյանը մշտապես պայքարում են միմյանց դեմ եւ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն: