Երեւան-Սեւան ճանապարհի 3-րդ կմ-ին, այսօր` հունվարի 27-ի կեսգիշերին, ընթացքի ժամանակ Ալվինա Հ.-ի կողմից վարած «Համեր H-2»- ավտոմեքենայից վայր ընկած 21-ամյա Նարեկ Զաքարյանն է եղել մեքենայի սեփականատերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանը:
Գնալով կատարվածի հետքերով NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ Բալահովիտի բնակիչ 21-ամյա Նարեկի եւ Երեւանի Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Ալվինայի միջեւ ճանապարհի կեսին վիճաբանություն է տեղի ունեցել: Ալվինան տեսնելով, որ վիճաբանությունը գնալով թեժանում է, նոր զարգացումներից խուսափելու նպատակով նստել է Նարեկին պատկանող «Համեր H-2» ավտոմեքենան եւ փորձել հեռանալ, սակայն Նարեկին հաջողվել է վազքով հասնել մեքենային: Նա ոտքը դրել է ոտնակի վրա ու վայր է ընկել: Երիտասարդը ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանից մեզ հաջողվեց պարզել, որ Նարեկի ընտանիքը նորմալ պայմաններում ապրող ընտանիք է, իսկ եկամտի աղբյուրը Ռուսաստանում ծավալած բիզնես գործունեությունն է: Նրանց ընտանիքը Երեւանում սեփականություններ եւ բիզնեսներ ունի, իսկ ընտանիքում երկու եղբայր են:
Ի դեպ, նրանց ընտանիքը Բալահովիտ է տեղափոխվել Կիրովաբադից: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ, հիմնականում տղայի հայրն է Ռուսաստանում գործունեություն ծավալում, բայց իրենք էլ են պարբերաբար գնացել եկել: Ալվինայի մասին Կ. Գրիգորյանը առհասարակ տեղեկությունների չէր տիրապետում:
NEWS.am-ը զրուցեց նաեւ Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանի հետ, ով նշեց, որ Ալվիանան ու Նարեկը ընկերներ են եղել: Նրա խոսքով, տեղի ունեցածի մեջ դիտավորություն չկա: «Պատճառը պարզապես անզգուշությունն է: Այդ աղջիկը վիճաբանությունից խուսափելու նպատակով փորձել է փախչել, սակայն տղան մեքենայից կախվել է»,- ավելացրեց Եղիշե Պետրոսյանը:
Նշենք նաեւ, որ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը առավելագույնը 3 տարի պատիժ է սահմանում): Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 27-ի, ժամը 00:15-ին, Երեւան-Սեւան ճանապարհի 3-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ «Համեր H-2» մակնիշի ավտոմեքենայից, որը վարել է Ալվինա Հ.-ն 21-ամյա Նարեկ Զ.-ն ընթացքի ժամանակ, վայր է ընկել «Համեր H-2» մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից:Երիտասարդը ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























