Լոռիի մարզում մինչ օրս լուրջ խնդիր է ջրամատակարարման ցանցի վիճակը: Այս մասին, այսօր` հունվարի 27-ին, մարզպետարանում կայացած աշխատանքային հաշվետվության ժամանակ ասել է Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Հատկապես վատ վիճակում են գտնվում 30-40 տարի առաջ կառուցված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի խողովակաշարերը եւ ինժեներական կառույցները, որոնք ֆինանսավորման պակասի պատճառով, այս տարիներին չեն վերանորոգվել»,-ասել է նա:

Մարզպետի խոսքով, ամբողջ ցանցի հուսալիության աստիճանը դարձել է անթույլատրելի՝ ջրի կորուստն անցնում է 55 %-ից, իսկ կոյուղու համակարգում հաճախակի են դարձել խցանումները, որի հետեւանքով բնակավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը պարբերաբար դառնում է վտանգավոր:

Շարունակելով ջրամատակարարմանը վերաբերող հարցերը, մարզպետը տեղեկացրել է, որ 2011թ-ի ընթացքում մարզի տարածքում միայն կենտրոնացված ջրամատակարարման համակարգից օգտվող բնակավայրերում Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռիի մարզային կենտրոնի կատարված մանրէաբանական եւ քիմիական հետազոտություններից երեւում է, որ յուրաքանչյուր ամիս վերցրված նմուշներում նկատվել են պահանջվող նորմաներից բազմակի շեղումներ:

«Միայն «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից յուրաքանչյուր ամիս վերացվում է մոտ 210 ջրամատակարարման եւ ջրահեռացման վթար»,-ասել է նա:

Լոռիի մարզի խմելու ջրի մատակարարման համակարգերում ինժեներական կառույցների մոտ 55%-ը ենթակա է կապիտալ վերանորոգման, հատկապես անբավարար է մաքրման կայանների, համայնքային ներքին ցանցերի եւ սանիտարական գոտիների տեխնիկական վիճակը, որոնք էլ խմելու ջրին ներկայացվող պահանջների նկատմամբ գրանցվող շեղումների հիմնական պատճառն են հանդիսանում: