Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հունվարի 27-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին, ում հետ քննարկել է ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերի ընթացքին ու գործակցության ձեւաչափերին վերաբերող հարցեր:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության առկա մակարդակը`շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը` շարունակական օժանդակության համար:
Ա. Գեւորգյանը նկատել է, որ կազմակերպության ծրագրերը մշտապես ուղղված են այն հիմնախնդիրներին, որոնք ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, դրանք իրականացվում են արդյունավետ եւ նպատակային:
Քննարկվել են տեղական եւ տարածքային կառավարման ծրագրերում ԱՄՆ ՄԶԳ-ի ուղիղ օժանդակության հնարավորության հարցը:
Փոխվարչապետը, մասնավորապես,անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում Սյունիքում իրականացվող «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագրին, նշելով, որ դրա շրջանակում ձեւավորված միջհամայնքային համագործակցության արդյունավետ մոդելը հետագայում լայն տարածում կստանա հանրապետության ողջ տարածքում:
Չիմա Ջեթինդերը պատրաստակամություն հայտնել է աջակցել Կառավարությանը` օժանդակելով գերակա համարվող ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի նոր ռազմավարության մշակման գործընթացներում ՏԿ նախարարության ներգրավվածության ապահովման հարցին:



























