Ավելի կարեւոր է, որ Վրաստանի հայերի խնդիրներին ուշադրություն դարձնի ոչ թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, այլ այդ երկրի իշխանությունները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` մեկնաբանելով ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի խոսքերն այն մասին, որ նրա գրասենյակն ակտիվ չէր Վրաստանում հայերի խնդիրների լուծման հարցով: Ընդ որում, Մարգարովը նշել է, որ այդ երկրում հայերի խնդիրների մասին վերջին ժամանակներս «շատ է խոսվում, գրվում եւ, ամենայն հավանականությամբ, նաեւ արվում»:
«Այո, շատ բան է փոխվում: Դա վերաբերում է մշակույթի, կրթության, սոցիալ-տնտեսական բնագավառներին: Այսօր վրացական իշխանությունների հիմնական խնդիրը Ջավախքի հայերին Վրաստանի հավատարիմ քաղաքացիներ տեսնելն է», - նշել է նա:
Ինչ վերաբերում է Վրաստանի հայերի անջատողականության վերաբերյալ բազմիցս հնչող մեղադրանքներին, քաղաքագետը նշել է. «Ոչ մի անջատողականության մասին այստեղ խոսք լինել չի կարող: Խոսքը գնում է մշակութային, լեզվական ինքնավարության մասին, ինչպես նաեւ Ջավախքի ներառումը Վրաստանի քաղաքական կյանքում, ընդ որում վերջինը Ջավախքի հայերին թույլ կտա իրենց զգալ ոչ միայն լիիրավ քաղաքացիներ, այլեւ փակել բոլոր այն քաղաքական գործիչների բերանները, որոնք սեպ են խրում երկրի հայաբնակ շրջանների եւ Վրաստանի կառուցողական համայնքների միջեւ», - նշել է նա:
Ըստ Մարգարովի` ընդհանուր առմամբ գոյություն ունեցող խնդիրը ոչ ոք չի ժխտում, սակայն այն պետք է լուծել համատեղ: «Այստեղ կարելի է նաեւ հիշատակել միջազգային հռչակագրերը, որոնք ներառում են ազգային փոքրամասնությունների համապատասխան իրավունքների ապահովումը, եւ որի ներքո դրված է Վրաստանի ստորագրությունը», - նշել է նա:
Որպես կառուցողական մոտեցման օրինակ քաղաքագետը բերել է հունվարի 28-ին 40 վրացի ուսանողների` մեկ շաբաթով Հայաստան ժամանումը: «ԵՊՀ-ն վրացի ուսանողների համար ձմեռային ճամբար է կազմակերպում: 300 ուսանողներ (115 հայ եւ 15 վրացի) կժամանեն Ջավախքից, եւս 10-ը` Թբիլիսիից: Նրանց համար դասախոսություններ կկարդան կրթության խնդիրների, նաեւ մշակութային եւ հայ-վրացական հարաբերությունների մասին: Սա արվում է նրա համար, որպեսզի երիտասարդությունն իրար հետ ընդհանուր լեզու գտնի եւ մտածի ոչ թե «մենք եւ նրանք» ուղղությամբ, այլ ավելի կառուցողական: Մենք բավականին հետաքրքիր համատեղ պատմություն ունենք, որում հաջորդ սերունդներն ավելի դրական էջեր պետք է ավելացնեն, ոչ թե փոխադարձ վիրավորանքներ եւ նախապաշարումներ, ահա թե ինչն է կարեւոր հասկանալ», - նշել է զրուցակիցը:



























