Լոռիի մարզում համակարգված աղբահանություն իրականացվում է հիմնականում քաղաքային համայնքներում, իսկ գյուղական համայնքներում աղբամաններ նախատեսված չեն, այն կատարվում է լոկալ ձեւով: Այս մասին նշվել է, Լոռիի մարզպետարանում, 2011թ-ի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանի ներկայացմամբ, կան գյուղեր ու գյուղացիական տնտեսություններ, որոնք պարզապես աղբը թափում են գետի մեջ, այդկերպ բնությանը հասցնելով լուրջ էկոլոգիական վնասներ:
«Կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ուղղված ընդհանուր խնդիրը եւ նպատակը հանդիսանում է այդ ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ծրագրերի մշակումը, որը պետք է ուղղված լինի շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանման գործընթացին»,-ընդգծել է Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզում աղբահանության եւ սանիտարական մաքրման գործընթացները կատարվում են համաձայն աղբի տեղափոխման մշակված գրաֆիկների, որոնց իրականացումը կատարվում ըստ ժամանակացույցի:
Ներկայումս համայնքների կողմից մշակվում են նոր ժամանակակից աղբավայրերի կառուցման ծրագրեր, մասնավորապես` Վանաձորի քաղաքի աղբավայրի կառուցման մշակված ծրագրի իրականացման արժեքը կազմում է 12,486.5 մլն դրամ, իսկ Ստեփանավանինը՝ 96.58մլն դրամ: Ընթացքի մեջ է նաեւ Ալավերդի քաղաքի աղբավայրի կառուցման հարցը:



























