Ուտրեխտի համալսարանի (Նիդեռլանդներ) եւ Մադրիդի Կառլոս III համալսարանի (Իսպանիա) գիտնականների միջազգային թիմն ուսումնասիրել է շիմպանզեների եւ բոնոբոների սոցիալական կապերը։
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience ամսագրում։
Պարզվել է, որ այս պրիմատները, ինչպես մարդիկ, ունեն «ընկերական շրջանակներ»՝ մտերիմ անհատներ, որոնց հետ անցկացնում են իրենց ժամանակի մեծ մասը, եւ ծանոթությունների ավելի լայն շրջանակ։
Հետազոտողները դիտարկել են շիմպանզեների եւ բոնոբոների 24 խումբ՝ վերլուծելով նրանց՝ մորթին խնամելու վարքագիծը, կարեւոր սոցիալական գործունեություն, որն ամրապնդում է կապերը։ Նրանք կիրառել են մաթեմատիկական մոդել՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես են կենդանիները բաշխում իրենց սահմանափակ «սոցիալական ռեսուրսները»։
Արդյունքները ցույց են տվել, որ առանձնյակների մեծ մասն ուշադրության մեծ մասը կենտրոնացնում է ընկերների փոքր շրջանակի վրա, իսկ մնացած ժամանակն անցկացնում է ծանոթների ավելի լայն շրջանակի հետ։ Ընդ որում՝ շիմպանզեները տարիքի հետ ավելի ընտրողական են դառնում իրենց հարաբերություններում, մինչդեռ բոնոբոները պահպանում են հարաբերությունների ավելի հավասարաչափ բաշխում իրենց ողջ կյանքի ընթացքում։ Հետազոտության հեղինակները նշել են, որ այս հայտնագործությունը ցույց է տալիս մարդկանց եւ այլ տեսակների միջեւ սոցիալական փոխազդեցության ընդհանուր կանոնները. «Մեր արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ սոցիալական ջանքերը բաշխող հիմնարար կանոնները վերաբերում են ոչ միայն մարդկանց, այլեւ այլ տեսակների»։
Գիտնականներն ընդգծել են, որ պրիմատների սոցիալական կառույցների ըմբռնումը մեզ օգնում է ավելի լավ հասկանալ մարդկային հարաբերությունների էվոլյուցիան, ինչպես նաեւ խմբերում վստահության եւ համագործակցության ձեւավորումը։



























