Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հարկի տակ տեղի է ունեցել Լոս Անջելեսում ներկայացված օտարերկրյա դիվանագետների ավանդական ամենամյա հավաքը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի հավաքին մասնակցել են մոտ հինգ տասնյակ երկիր ներկայացնող դիվանագետներ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա տարվա անելիքները, գործակցության հնարավոր եզրերն ու ընդհանուր անելիքները` կապված Լոս Անջելեսում ապրող բազմազգ բնակիչների մշակութային երկխոսության զարգացումը խթանող ծրագրերի հետ:

Հյուպատոսական հերթական հավաքի պատվավոր հյուրն ԱՄՆ նավատորմի նախկին հրամանատար Փոլ Իգնատիուսն էր: Անմիջական մթնոլորտում նա օտարերկրյա դիվանագետների հետ խոսել է աշխարհաքաղաքական նախկին եւ ներկա իրողություններին առնչվող թեմաների մասին:

Դիվանագիտական համայնքի մասնակիցներն ողջունել են Լոս Անջելեսում դիվանագիտական աշխատանքի անցած նոր գործընկերներին, ովքեր հավատարմագրվել են Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսում: