Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմակայանում մի քանի մարդ հոսպիտալացվել է սպիտակ փոշի պարունակող կասկածելի փաթեթի ստացումից հետո։ Այս մասին հինգշաբթի հաղորդել է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նախազգուշական միջոցառումների շրջանակում շենքը, ուր առաքվել է փաթեթը, եւ հարակից կառույցը տարհանվել են։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են դեպքի վայրում, նրանք պարզել են, որ մարդկանց կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգ չկա։ Նյութի բաղադրությունը դեռեւս չի պարզվել, սակայն վտանգավոր նյութերի մասնագետները նախնական եզրակացության են եկել, որ այն վտանգ չի ներկայացնում։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ծանրոցը նաեւ պարունակել է քաղաքական քարոզչություն պարունակող նյութեր։

Էնդրյուսի ռազմակայանը գտնվում է Վաշինգտոնի մոտակայքում եւ օգտագործվում է ԱՄՆ նախագահի, փոխնախագահի եւ ԱՄՆ վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաների ավիափոխադրումների համար։