Եվրամիության ծովահենության դեմ պայքարի ռազմածովային ուժերը ուրբաթ օրը ազատագրել են Սոմալիի ափերի մոտ հարձակման ենթարկված նավը, հաղորդում է AFP-ն։
Հինգշաբթի օրը զինված անձինք հարձակվել են հունական Latsco Marine Management ընկերությանը պատկանող նավի վրա, երբ այն Հնդկաստանից ուղևորվում էր դեպի Հարավային Աֆրիկա, անձնակազմում եղել է 24 անձ։
«Աֆրիկայի եղջյուրի» այս երկիրը մի ժամանակ հայտնի է եղել ծովահենների ասպատակություններով և փրկագին պահանջելու փորձերով, սակայն այդ ժամանակվանից ի վեր միջադեպերը հազվադեպ են դարձել։
ԵՄ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ ծովահենները լքել են առևտրային լցանավը՝ «ուժի վաղ ցուցադրումից» հետո։
«24 հոգուց բաղկացած անձնակազմը ապահով վայրում է, տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ռազմածովային ուժերը հայտնել են, որ ինտենսիվ որոնողական աշխատանքներ են տարվում ծովահեններին գտնելու ուղղությամբ, որոնք, ենթադրաբար, դեռ գտնվում են այդ տարածքում։ Բռնվելու դեպքում նրանք իրավական պատասխանատվության կենթարկվեն։



























