Շաբաթ վաղ առավոտյան անօդաչուն թռել է ռուսական առեւտրային ներկայացուցչության շենքի վրայով Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող  կղզում եւ ներկ ու անհայտ կպչուն նյութ է լցրել շենքի վրա, ինչից հետո հեռացել է, տեղեկացրել է Associated Press-ը։

Ստոկհոլմի շրջանային ոստիկանության մամուլի քարտուղար Օլա Օստերլինգի խոսքով՝ ոչ ոք չի տուժել, շենքից տարհանում չի կատարվել։

Օստերլինգի խոսքով՝ առեւտրային ներկայացուցչության աշխատակիցները նկատել են անօդաչուն եւ տեսել, թե ինչպես է ներկով եւ անհայտ նյութով լի արկղ նետել տեղի ժամանակով առավոտյան ժամը մոտ 05։30-ին։

Այնուհետեւ նրանք զանգահարել են Ստոկհոլմի շրջանային ոստիկանություն։ Օստերլինգի խոսքով՝ քննիչները նյութից նմուշներ են վերցրել զննման համար եւ վանդալիզմի ու ոտնձգության գործ են հարուցել։

Ոստիկանները չեն տեսել անօդաչուն, բայց հարցման են ենթարկել դեպքի ականատես աշխատակիցներին։ Հայտնի չէ, թե ով է կանգնած միջադեպի հետեւում։