Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտնել է, որ նոյեմբերի 8-ի գիշերը Ռուսաստանն իրականացրել է էներգետիկ օբյեկտների դեմ ամենամեծ ուղիղ բալիստիկ հրթիռային գրոհներից մեկը, սակայն երեկոյան արդեն հաջողվել էր կայունացնել համակարգը, տեղեկացրել է «Украинская правда»-ն։
«Այսօր գիշեր տեղի է ունեցել էներգետիկ օբյեկտների, այսինքն՝ քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքի դեմ իրականացված ամենամեծ ուղիղ բալիստիկ հրթիռային գրոհներից մեկը, որը հանգեցրել է վնասների...
Դժվար է հիշել էներգետիկ օբյեկտների դեմ անմիջականորեն արձակված բալիստիկ հրթիռների այդքան մեծ քանակություն, նույնիսկ պատերազմի սկզբից ի վեր։ Հետեւաբար, իհարկե, հետեւանքներ կան»,- ասել է նա հեռուստամարաթոնի ժամանակ։
Միեւնույն ժամանակ, Գրինչուկը նշել է, որ արդեն հաջողվել է «որոշակիորեն կայունացնել համակարգը եւ անցնել ժամային անջատումների գրաֆիկների, որպեսզի սպառողները կարողանան ավելի հեշտ պլանավորել իրենց գործողությունները էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում»։
Նա վստահեցրել է, որ «հայտարարությունները, որ էներգետիկները եւ այլ ծառայությունները պատրաստ չեն, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»՝ ընդգծելով, որ նորոգման եւ կայունացման աշխատանքներ իրականացնելու համար պետք է պահպանել անջատումների գրաֆիկները։



























