Ֆիլիպիններին մոտեցող փոթորկին տրվել է սուպերթայֆունի կարգավիճակ, իսկ երկրի հեռավոր կղզիներից մեկում արդեն դիտվում են «կյանքի համար վտանգավոր պայմաններ», հաղորդում է BBC News-ը։
Երկրի օդերևութաբանական ծառայության (Pagasa) տվյալներով, «Ֆունգ Վոնգ» թայֆունը կիրակի օրը մի քանի շրջաններում կհանգեցնի 185 կմ/ժ արագությամբ կայուն քամու և հորդառատ անձրևների։
Լուսոնի ափերի մոտ գտնվող Կատանդուանես կղզին դարձել է Ֆիլիպինների առաջին հատվածը, որը կիրակի առավոտյան անմիջականորեն տուժել է փոթորկից։
«Ֆունգ Վոնգ» թայֆունը, որը տեղացիների շրջանում հայտնի է որպես «Ուվան», մոտենում է մի քանի օր առաջ տեղի ունեցած «Կալմաեգի» փոթորկից հետո, որն ավերածություններ էր առաջացրել և խլել գրեթե 200 մարդու կյանք։
Մի շարք դպրոցներ երկուշաբթի օրը կամ չեղարկել են դասերը, կամ անցել են առցանց ձևաչափի, իսկ Philippine Airlines ավիաընկերությունը չեղարկել է մի շարք ներքին չվերթներ՝ թայֆունի ժամանման նախօրեին։ Սպասվում է, որ «Ֆունգ Վոնգ»-ը արագ կթուլանա, երբ հասնի ցամաք, սակայն, ամենայն հավանականությամբ, Լուսոնի վրայով անցնելիս կմնա որպես թայֆուն։ Pagasa-ի ներկայացուցիչը շաբաթ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Ֆիլիպինների արևելյան շրջաններում արդեն սկսվել են ուժեղ անձրևներ և քամիներ։ Թեև սպասվում է, որ այն կանդրադառնա երկրի մեծ մասի վրա, սակայն առանձնահատուկ մտահոգություններ կան այն շրջանների վերաբերյալ, որոնք կարող են ուղղակիորեն տուժել, ներառյալ Կատանդուանեսը։ Այդ շրջանների, ինչպես նաև այլ ցածրադիր և առափնյա տարածքների բնակիչներին հորդորել են մինչև կիրակի առավոտ տեղափոխվել ավելի բարձրադիր վայրեր։




























