Seabridge լաստանավը, որը նոյեմբերի 5-ին դուրս էր եկել Թուրքիայի Տրապիզոն քաղաքից և հասել Ռուսաստանի ջրերին, թույլտվություն չի ստացել Սոչիի նավահանգիստ մուտք գործելու համար։ Նավը սպասել է թույլտվությանը ավելի քան երկու օր։ Այժմ այն վերադառնում է Թուրքիա, հայտնել է երթուղու կազմակերպիչ «ՍՎՍ Շիփինգ» ընկերության ղեկավար Սերգեյ Թուրքմենյանը։
«Ստացել ենք եզրակացություն, որ նավը համապատասխանում է անվտանգության բոլոր պահանջներին։ Եվ կարծում էինք, որ դեռ երեկ կկանգնենք նավահանգստում... Այսօր մերժում ստացանք», — ասել է նա «Известия»-ին։
Նավում գտնվում են 20 ուղևոր՝ Ռուսաստանի 18 և Թուրքիայի 2 քաղաքացի։
Ինչպես հայտնել է «Газета.ру»-ն, մի քանի ուղևորների օրինական մնալու ժամկետը Թուրքիայում ավարտվել է, և Տրապիզոն վերադառնալիս նրանց կարող են այնտեղ չընդունել։ RT-ի հաղորդմամբ, ուշացման պատճառով որոշ ուղևորներ կորցրել են ավիատոմսերը։
Ինչպես հայտարարել են Կրասնոդարի երկրամասի վարչակազմից, Տրապիզոն-Սոչի երթուղով նավի գործարկումը չի կայանա, քանի դեռ անվտանգության ապահովման հարցերը չեն լուծվել։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Ռուսաստանն ու Թուրքիան կապող կանոնավոր հաղորդակցության գործարկումը անվանել է «ժամանակից շուտ և ոչ անվտանգ»։
Սա Տրապիզոնից Սոչի առաջին ուղևորափոխադրումն էր վերջին 14 տարվա ընթացքում։ Seabridge-ը դուրս էր եկել թուրքական նավահանգստից նոյեմբերի 5-ի երեկոյան, 12 ժամ անց հասել Սոչիի ափեր, սակայն ռուսաստանյան կողմը նավը չի ընդունել։ Սկզբում այն սպասել է Ռուսաստանի ջրեր մուտք գործելու թույլտվությանը, ապա անցել է ստուգում՝ գտնվելով առողջարանային քաղաքի ջրային տարածքի ռեյդում, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։




























