Դելիի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը հայտնել է, որ բոլոր թռիչքները իրականացվում են սովորական ռեժիմով՝ այն բանից հետո, երբ տեխնիկական անսարքությունը վերջին երկու օրում հանգեցրել էր հարյուրավոր չվերթների ուշացման՝ աշխարհի ամենածանրաբեռնված օդային հանգույցներից մեկում, հաղորդում է Reuters-ը։
Թռիչքների պլանավորման համար օգտագործվող համակարգում տեղի ունեցած խափանումը դարձել է ուշացումների պատճառ։ Հնդկաստանի օդանավակայանների վարչությունը ուրբաթ ուշ երեկոյան հայտնել է, որ տեխնիկական անսարքությունից հետո համակարգը վերագործարկվել է։
Հնդկաստանի կառավարության հայտարարության համաձայն, հաղորդագրությունների ավտոմատ փոխանցման համակարգը վերականգնվել է ավտոմատ կերպով՝ շաբաթ օրը կեսօրին։
Քաղաքացիական ավիացիայի նախարար Ռամ Մոհան Նայդուն հանձնարարել է պաշտոնյաներին պլանավորել համակարգի արդիականացումը՝ ներառյալ հավելյալ կամ պահուստային սերվերների ներդրումը՝ օդային երթևեկության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հայտնել է կառավարությունը։



























