Շաբաթ օրը Հյուսիսային Կարոլինայի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի նախասրահում ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել, հաղորդում է ABC News-ը։

Գարների ոստիկանության տվյալներով, ոստիկանության սպա Ռոջեր Սմիթը աշխատում էր Ուեյքմեդ Գարներ բժշկական համալիրում՝ Գարներ քաղաքում, Ռոլիի մոտակայքում, երբ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ի սահմաններում նրա ուղղությամբ կրակել են։

Ոստիկանությունը հայտնել է, որ Գարների 29-ամյա բնակիչ Բենջի Մարտին-կրտսերին մեղադրանք է առաջադրվել սպանության գործով։

Գարների ոստիկանությունը նշել է, որ «դեպքի վայրում գտնվող բուժանձնակազմը Սմիթին նկարագրել է որպես հերոսի, որի գործողությունները, հավանաբար, կանխել են մարդկանց զոհվելը»։

Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ջոշ Սթայնը անդրադարձել է միջադեպին՝ սոցիալական ցանցերում գրելով, որ Սմիթը «պաշտպանում էր հիվանդներին և նրանց ընտանիքները», երբ սպանվել է։