Ռուսաստանի Զաբայկալյան երկրամասի դատարանը հօգուտ պետական եկամուտների բռնագրավել է թանկարժեք մետաղներով 15 ձուլակտոր, որոնցում պարունակվել է 5.5 կիլոգրամ քիմիապես մաքուր ոսկի՝ գրեթե 50 միլիոն ռուբլի արժողությամբ։ Ձուլակտորները Չինաստանի քաղաքացին փորձել էր ՉԺՀ տեղափոխել ավտոբուսի թաքստոցում, նշվում է РИА Новости-ի տրամադրության տակ գտնվող դատական նյութերում։
Դրանց համաձայն,Չինաստանի քաղաքացի Լի Բինսենին, որը տուրիստական ավտոբուսի վարորդն էր, հուլիսին Զաբայկալսկում դիմել է իրեն անծանոթ հայրենակիցը։ Վերջինս վարորդին առաջարկել է 2 հազար յուանի (մոտ 23 հազար ռուբլի) դիմաց ձուլակտորները տեղափոխել Չինաստան՝ ավտոբուսի թաքստոցում։
ՌԴ սահմանին մաքսային զննության ընթացքում ավտոբուսում հայտնաբերվել են ոսկու ձուլակտորներ, թեև ՉԺՀ քաղաքացին մաքսային հսկողությանը հայտնել էր, որ չի տեղափոխում պարտադիր հայտարարագրման ենթակա թանկարժեք մետաղներ։
Լի Բինսենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ռազմավարական նշանակության ապրանքների խոշոր չափերով ապօրինի տեղափոխման հատկանիշներով։ Փորձաքննությամբ պարզվել է, որ 15 ձուլակտորները պատրաստված են, այդ թվում, 5598,54 գրամ ոսկու և 1104,36 գրամ արծաթի համաձուլվածքից։ Հանցագործության կատարման պահին քիմիապես մաքուր ոսկու արժեքը կազմել է 47 283 710 ռուբլի, արծաթինը՝ 103 235 ռուբլի։
Գործով անցնող անձը, ինչպես նշվում է նյութերում, ընդունել է մեղքը։ Սեպտեմբերին նրան դատապարտել են 850 հազար ռուբլի տուգանքի։ Դատարանը նաև որոշել է ձուլակտորները պահել Չիտայի մաքսատան ապացույցների պահեստում՝ մինչև կհաստատվի չպարզված անձի ինքնությունը, որը ոսկին փոխանցել էր վարորդին։
Սակայն դատավճիռը բողոքարկել է մեղադրող կողմը՝ պնդելով, որ ձուլակտորները պետք է բռնագրավվեն և փոխանցվեն պետությանը։ Դատախազության ներկայացուցիչները, հղում անելով ՌԴ Գերագույն դատարանի Պլենումի որոշմանը, նշել են, որ մաքսանենգության առարկա հանդիսացող գույքը ենթակա է բռնագրավման՝ այսինքն՝ հարկադիր, անհատույց առգրավման և պետության սեփականություն դարձնելու։
Զաբայկալյան երկրամասի դատարանը համաձայնել է այս հիմնավորումներին և հոկտեմբերի վերջին փոխել է դատավճիռը․ ձուլակտորները բռնագրավվել և փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության պետական եկամուտներին։





























