Շաբաթ օրը ԱՄՆ Թենեսի նահանգում՝ Նեշվիլ քաղաքից արևելք բժշկական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, իսկ երկուսը ծանր վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը։

Ուղղաթիռում հիվանդներ չեն եղել։ Vanderbilt LifeFlight-ի ուղղաթիռը կործանվել է մոտ ժամը 13:45՝ Նեշվիլից մոտ 35 կմ արևելք՝ Լեբանոն և Գալատին քաղաքների միջև գտնվող դաշտում, հայտնել է Ուիլսոն շրջանի շերիֆի գրասենյակը։ Ըստ եղած տվյալների, կործանումը տեղի է ունեցել Մյուզիք Սիթի վարչական օդանավակայանից մոտ 19 կմ հարավ՝ Սամներ շրջանի արտակարգ իրավիճակների կենտրոնի մոտակայքում։

ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտարարել է, որ սկսվել է հետաքննություն։ Vanderbilt LifeFlight ընկերության հաղորդագրության համաձայն, անձնակազմի վիրավորված երկու անդամները բուժվում են Վանդերբիլտի համալսարանի հիվանդանոցում։ Նման թռիչքներում անձնակազմում սովորաբար լինում է օդաչու, պարամեդիկ և բուժքույր։