Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն ժամանել է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Սիգնախիի մունիցիպալիտետ, որտեղ այսօր ավելի վաղ վթարի էր ենթարկվել թուրքական ռազմական ինքնաթիռը, հաղորդում է Грузия Online-ը։
Գեկա Գելաձեի հետ միասին դեպքի վայրում են նրա առաջին տեղակալ Ռոլանդ Մեսխին, Կախեթիի պետական լիազոր Գիորգի Ալադաշվիլին և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ թուրքական ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիգնախիի մունիցիպալիտետի տարածքում՝ վրացական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռը ուղևորվում էր Ադրբեջանից Թուրքիա։
Բացի դրանից, ըստ Վրաստանի օդային նավիգացիայի ծառայության, թուրքական C-130 ինքնաթիռն անհետացել է ռադարներից Վրաստանի տարածքը հատելուց մի քանի րոպե անց՝ առանց տագնապ ուղարկելու, որից հետո սկսվել են որոնողական-փրկարարական աշխատանքները։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է, որ վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական C-130 տրանսպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել։




























