Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն երեքշաբթի օրը հրամայել է իր երկրի անվտանգության ուժերին դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը Միացյալ Նահանգների հետ, մինչև Թրամփի վարչակազմը չդադարեցնի իր հարվածները Կարիբյան ավազանի ենթադրյալ թմրավաճառներին, քանի որ երկրների միջև հարաբերությունները վատթարանում են։ Նրանք ժամանակին մտերիմ գործընկերներ են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
X սոցիալական ցանցում Պետրոն գրել է, որ կոլումբիական զինվորականները պետք է անհապաղ դադարեցնեն «ԱՄՆ անվտանգության գործակալությունների հետ շփումները և այլ համաձայնագրերը», մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի թմրանյութեր տեղափոխելու կասկածանքով մոտորանավակների վրա հարձակումները։
Պետրոն գրել է, որ «թմրանյութերի դեմ պայքարը պետք է ստորադասվի Կարիբյան ավազանում մարդու իրավունքների պահպանմանը»։
Հայտնի չէ, թե Կոլումբիան ինչ տեղեկատվությամբ կդադարի կիսվել Միացյալ Նահանգների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ օգոստոսից ի վեր միջազգային ջրերում ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված հարվածների հետևանքով առնվազն 75 մարդ է զոհվել։
Հարվածները սկսվել են Կարիբյան ավազանի հարավային հատվածում՝ Վենեսուելայի ափերի մոտ, սակայն վերջերս տեղափոխվել են Խաղաղ օվկիանոսի արևելյան հատված, որտեղ ԱՄՆ-ն թիրախավորել է Մեքսիկայի ափերի մոտ գտնվող նավերը։
Պետրոն կոչ է արել հետաքննություն սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ կապված Վենեսուելայի, Էկվադորի, Կոլումբիայի և Տրինիդադ և Տոբագոյի քաղաքացիներին հասցված ավիահարվածների հետ։
Թրամփի վարչակազմը մեղադրել է Պետրոյին թմրանյութերի ապօրինի շրջանառության նկատմամբ մեղմ վերաբերմունքի մեջ և քննադատել է Կոլումբիայի նախագահի որոշումը՝ թմրանյութերի առևտրով զբաղվող կոլումբիացի ապստամբ առաջնորդներին ԱՄՆ արտահանձնումից ազատելու վերաբերյալ։





























