ԵՄ մի շարք անդամ պետություններ քննադատել են Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) կազմում հետախուզական և անվտանգության հարցերով զբաղվող վարչություն ստեղծելու ծրագրերը, գրում է DPA լրատվական գործակալությունը:
Ըստ գործակալության՝ ԵՄ մի քանի երկրների ներկայացուցիչներ նշում են, որ Բրյուսելում արդեն իսկ գոյություն ունի ԵՄ հետախուզական վերլուծական կենտրոն, այսպես կոչված SIAC-ը (Միասնական հետախուզական վերլուծական կենտրոն)։ Այն միավորում է քաղաքացիական հետախուզությունը՝ ԵՄ հետախուզական և իրավիճակային կենտրոնը (INTCEN)՝ և ռազմական հետախուզությունը (EUMS)։ Սակայն, գործակալությունը նշում է, որ նոր կառույցը կամրապնդի անվտանգության և հետախուզական կարողությունները բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական միջավայրում։
Նախագծի քննադատները շեշտում են, որ ըստ վերջին հրահանգների՝ SIAC-ի գործող կենտրոնական ստորաբաժանումը նախատեսված է ոչ միայն ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությանը, այլև ԵՀ-ին, նրա անվտանգության հարցերով կոլեգիային և անդամ պետությունների խորհրդին ընդլայնված աջակցություն ցուցաբերելու համար։ Այս խնդիրը կատարելու համար, նրանց խոսքով, ներկայում ընթացքի մեջ է նաև Հետախուզական և վերլուծական կենտրոնի վերակառուցումը։
Նոյեմբերի 11-ին Financial Times-ը, հղում անելով Եվրոպական հանձնաժողովի անանուն պաշտոնյայի, հաղորդել է, որ Եվրոպական հանձնաժողովը «ուսումնասիրում է իր անվտանգության և հետախուզության կարողությունները ամրապնդելու ուղիները»՝ դիտարկելով հատուկ մարմնի ստեղծումը: Ավելի ուշ Եվրոպական Հանձնաժողովի խոսնակ Բալաշ Ույվարին հաստատել է Եվրոպական Հանձնաժողովի կազմում հետախուզության և անվտանգության հարցերով զբաղվող բաժին ստեղծելու ծրագրերը: Ույվարիի խոսքով՝ այս բաժինը սերտորեն կհամագործակցի Եվրոպական Հանձնաժողովի Անվտանգության տնօրինության հետ և իր գործունեությունը կհամակարգի ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության հետ։
Ինչպես պարզաբանել է ԵՀ խոսնակ Պաուլա Պինյոն, սա լինելու է «փոքր կառույց», և տվյալ գաղափարը «դեռևս սաղմնային փուլում է»։





























