Քաղաքական խորհրդատու Դանա Ուիլյամսոնը, որը նախկինում եղել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի աշխատակազմի ղեկավարը, չորեքշաբթի օրը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի Արևելյան շրջանի դաշնային դատախազի գրասենյակը։

Հետաքննությունը տևել է երեք տարի։ Ըստ քննության տվյալների՝ Ուիլյամսոնը 2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, դավադրության մեջ մտնելով հանցակցի հետ, քաղաքական քարոզարշավների համար նվիրատվությունների հաշվից յուրացրել է մոտ 225 հազար դոլար։ Միջոցները փոխանցվել են մի շարք ընկերությունների բազմաթիվ հաշիվների միջոցով և ի վերջո, հայտնվել են հանցագործության հանցակցի տրամադրության տակ՝ որպես կեղծ ծառայությունների դիմաց վճարում։

Հանցակից է անվանվել Շոն Մաքքլասքին։ Ինչպես գրում են ամերիկյան ԶԼՄ-ները, Մաքքլասքին եղել է Ջո Բայդենի օրոք առողջապահության նախկին նախարար Խավիեր Բեսերրայի աշխատակազմի ղեկավարը։ Փաստաթղթում Բեսերրայի անունը չի նշվում, սակայն, ինչպես գրում են ամերիկյան ԶԼՄ-ները, գողացված միջոցները հենց նրա քաղաքական գործունեության համար արված նվիրատվություններն են, ուստի նա գործով հանդես է գալիս որպես տուժող։ Մաքքլասքին հոկտեմբերի 30-ին ընդունել է իր մեղքը՝ բանկային խարդախության նպատակով դավադրության մեջ։

Ուիլյամսոնի մեղադրանքների ամբողջական ցուցակը պարունակում է 23 կետ։ Դրանց թվում են բանկային խարդախությունը, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով խարդախությունը, ԱՄՆ իշխանություններին մոլորեցնելու և արդարադատությանը խոչընդոտելու դավադրությունը և հարկային հաշվետվությունների ներկայացման ժամանակ կատարված մեքենայությունները։ Մասնավորապես, մեղադրյալը կարող էր ոչ իրավաչափ կերպով ստանալ 1 միլիոն դոլար հարկային զեղչ՝ անձնական ծախսերի համար, այդ թվում՝ մասնավոր ինքնաթիռներով թռիչքների, էլիտար հյուրանոցներում բնակության և դիզայներական պայուսակների գնման համար։ Միայն խարդախության հոդվածներով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք։

Ուիլյամսոնը Նյուսոմի աշխատակազմի ղեկավարն է եղել 2022 թվականի վերջից մինչև 2024 թվականի դեկտեմբերը։ Նա դատարանում ներկայացել է չորեքշաբթի օրը։ Նա իրեն մեղավոր է ճանաչել և ազատ արձակվել գրավի դիմաց։