Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու լրացուցիչ լեհական սահմանային անցակետեր նախատեսվում է բացել նոյեմբերի 17-ին, նշվել է Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարարության կարգադրության նախագծում, որը հրապարակվել է Պետական օրենսդրության կենտրոնի կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ այդ օրը երթեւեկությունը կվերականգնվի «Կուզնիցա» («Բրուզգի»՝ բելառուսական կողմից) եւ «Բոբրովնիկի» («Բերեստովիցա») անցակետերի միջով։ «Կուզնիցան» կբացվի ուղեւորատար ավտոբուսների, իսկ «Բոբրովնիկին»՝ ավտոմեքենաների եւ ավտոբուսների, ինչպես նաեւ բեռնատար տրանսպորտային միջոցների համար, որոնք գրանցված են ԵՄ եւ Եվրոպական ազատ առեւտրի ասոցիացիայի (EFTA) երկրներում՝ Եվրոպական տնտեսական տարածքի մասին համաձայնագրի կողմերում, եւ Շվեյցարիայում։
«Նախատեսված միջոցառումները նպատակ ունեն վերականգնել մարդկանց եւ ապրանքների տեղաշարժը։ Սա հասարակության կարիքների, մասնավորապես՝ Բելառուսի եւ Լեհաստանի միջեւ սահմանն ամեն օր հատող ձեռնարկատերերի, փոխադրողների եւ միգրանտ աշխատողների մեծ խմբի հարցումների պատասխանն է»,- նշվել է Լեհաստանի ներքին գործերի նախարարության կարգադրության հիմնավորման մեջ։
Ինչպես տեղեկացվել է, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է Բելառուսի հետ նախկինում փակված երկու սահմանային անցակետերի՝ «Բոբրովնիկի»-ի եւ «Կուզնիցա»-ի վերաբացման մասին այս տարվա նոյեմբերին: Նա կարծում է, որ դա կլուծի փակ սահմանի պատճառով առաջացած խնդիրը: Տուսկն ընդգծել է, որ սահմանային անցակետերի բացումը կլինի «փորձնական», եւ որ դրանց գործունեությունը կարող է դադարեցվել ցանկացած պահի։
2020թ․ նոյեմբերին Լեհաստանը փակել է «Պոլովցի»-ի («Պեսչատկա»՝ բելառուսական կողմից) եւ «Սլավատիչե»-ի («Դոմաչեւո») սահմանային անցակետերը, 2021թ․ նոյեմբերին՝ «Կուզնիցա Բելոստոցկայա»-ի («Բրուզգի») եւ 2023թ․ փետրվարին՝ «Բոբրովնիկի»-ի («Բերեստովիցա») սահմանային անցակետերը:
Ներկայում լեհ-բելառուսական սահմանին գործում են մեկական անցակետեր՝ ուղեւորափոխադրումների («Տերեսպոլ» - «Բրեստ») եւ բեռնափոխադրումների («Կուկուրիկի» - «Կոզլովիչի») միջազգային ավտոմոբիլային երթեւեկության համար:



























