Հարավային Կորեան պարտավորվել է 150 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան նավաշինության ոլորտում՝ Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրի շրջանակում, վկայում է երկու երկրների նախագահների՝ Լի Չժե Մունի եւ Դոնալդ Թրամփի միջեւ երկրորդ գագաթաժողովից հետո հրապարակված տեղեկատվական թերթիկը։
«Համաձայնագիրը ներառում է 150 միլիարդ դոլարի կորեական ներդրում նավաշինության ոլորտում, որը հաստատվել է Միացյալ Նահանգների կողմից։ Համաձայնագիրը նաեւ ներառում է լրացուցիչ 200 միլիարդ դոլարի կորեական ներդրում՝ ռազմավարական ներդրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի (MOU) շրջանակում, որը, ինչպես սպասվում է, կստորագրեն Միացյալ Նահանգների եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները»,- նշվել է Սպիտակ տան հրապարակած հայտարարությունում։
«Այս նախաձեռնությունները թույլ կտան արագորեն ընդլայնել ԱՄՆ առեւտրային եւ մարտական ռազմանավերի քանակը, ներառյալ Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ նավերի հնարավոր կառուցումը»,- ընդգծվել է փաստաթղթում։
Բացի այդ, Սեուլը պարտավորվել է մինչեւ 2030թ․ 25 միլիարդ դոլար ծախսել Միացյալ Նահանգներից ռազմական սարքավորումներ ձեռք բերելու վրա եւ 33 միլիարդ դոլար՝ Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերին աջակցելու համար։ Հարավային Կորեայի նախագահը նաեւ հայտարարել է պաշտպանության ծախսերը հնարավորինս շուտ ՀՆԱ 3.5 տոկոսին հասցնելու ծրագրերի մասին։
Իր հերթին, Միացյալ Նահանգները համաձայնել է համագործակցել Հարավային Կորեայի միջուկային սուզանավի նախագծի համար վառելիք մատակարարելու հարցում եւ իր աջակցությունն է հայտնել Սեուլի ջանքերին՝ ուրանի հարստացման եւ օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման հնարավորություններն ապահովելու համար։
«Միացյալ Նահանգներն աջակցում է այն գործընթացին, որը կհանգեցնի Կորեայի Հանրապետությունում քաղաքացիական ուրանի հարստացմանը եւ օգտագործված վառելիքի վերամշակմանը խաղաղ նպատակներով»,- նշվել է հայտարարության մեջ։
Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնն ընդգծել է Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու իր հանձնառությունը՝ Կորեայում ԱՄՆ զինված ուժերի (USFK) մշտական ներկայության միջոցով։
Փաստաթղթի համաձայն՝ «Միացյալ Նահանգները հաստատել է իր հանձնառությունը՝ ապահովել ընդլայնված զսպումն իր հնարավորությունների ամբողջ շրջանակով, ներառյալ միջուկայինը»։
Երկու առաջնորդները նաեւ հաստատել են իրենց աջակցությունը Հյուսիսային Կորեայի միջուկազերծմանը եւ Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության ապահովմանը։
Երկու առաջնորդները համաձայնել են համակարգել քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ եւ կոչ են արել Փհենյանին «վերադառնալ կառուցողական երկխոսության» եւ հրաժարվել զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) եւ բալիստիկ հրթիռների ծրագրերից։





























