Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ իրեն քաղաքացիական ռազմագերիների ցուցակում ընդգրկելու խնդրանքով։ Սաակաշվիլին դիմումը հրապարակել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

«Փորձում եմ չանհանգստացնել ձեզ իմ հարցերով, քանի որ դուք արդեն շատ աշխատանք ունեք անելու։ Ես շնորհակալ եմ ձեր աջակցության եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության, Գերագույն ռադայի, ձեր վարչակազմի եւ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից զգացվող մշտական ​​ուշադրության համար։ Բայց հիմա ես ստիպված եմ դիմել, քանի որ երեկ ինձ կրկին բանտային հիվանդանոցից, որտեղ ես բուժվում էի ծանր թունավորումից, տեղափոխեցին բանտ՝ բանտի նույն աշխատակիցների մոտ, որոնք թունավորել էին ինձ։ Իմ թունավորումը 2022թ․ մարտին տեղի է ունեցել լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։ Իմ թունավորումը հաստատվել է ամերիկյան եւ գերմանական լաբորատորիաների կողմից։ Սկզբում Պուտինը հետապնդում էր ինձ վրեժխնդրությունից դրդված, իսկ Մեդվեդեւն ու Լավրովը բազմիցս պարծենում էին իմ բանտարկությամբ։

«Սկզբում ես կալանավորվեցի լիովին կեղծ մեղադրանքով, եւ Վրաստանի այն ժամանակվա վարչապետը բացահայտ հայտարարեց, որ գործը կապված է Ուկրաինայում իմ գործունեության հետ։ Վերջերս իմ դեմ հարուցված նոր քրեական գործով ես, ինչպես նաեւ ուրիշներ, մեղադրվում եմ թշնամական օտարերկրյա պետության օգտին դիվերսիայի մեջ: Գործի նյութերում կան ձեր, ինչպես նաեւ Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունները: Այլ կերպ ասած՝ Վրաստանի անօրինական կառավարությունը բացահայտորեն Ուկրաինան հայտարարում է թշնամական օտարերկրյա պետություն: Եվ սա զարմանալի չէ. այս խոշոր պատերազմի սկզբից ի վեր ռուսաստանցի օլիգարխ Իվանիշվիլին եւ նրա մերձավորները բացահայտորեն կողմ են կանգնել Ռուսաստանին։

Այս համատեքստում բացարձակապես պարզ է, որ իմ հետապնդումը եւ իմ ճակատագիրը կապված են պատերազմի հետ: Ես Ուկրաինայի քաղաքացի եմ եւ Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, որտեղ պատիվ եմ ունեցել ծառայելու ձեր ղեկավարության ներքո: Ես կցանկանայի խնդրել ձեզ, ինչպես դա արեցիք 2019թ․, երբ վերականգնեցիք իմ անօրինականորեն խլված քաղաքացիությունը՝ որպես Օդեսայի մարզային պետական ​​​​վարչակազմի նախկին ղեկավար եւ Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, որը անօրինականորեն պահվում է Վրաստանի ռուսամետ ռեժիմի կողմից, ներառել ինձ քաղաքացիական ռազմագերիների ցուցակում՝ համապատասխան իրավական հետեւանքներով։

Ես գիտեմ, որ ուկրաինացիները չեն լքում իրենց ժողովրդին, եւ ես հույսս դնում եմ ձեզ վրա»,- գրել է Միխայիլ Սաակաշվիլին։