Այսօրվա դատական նիստում վկաների հարցաքննության փուլն է, այլ գործողություններ չեն սպասվում, սա կապ չունի այն վարույթի հետ, որով հիմա նախաքննություն է իրականացնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
«Սա վերաբերում է այն դրվագներին, որոնք Վարդան Ղուկասյանին մեղսագրվում են նախկին քաղաքապետ եղած ժամանակաշրջանում հողերի վաճառքին, օտարումներին՝ աճուրդների միջոցով»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Վարդան Ղուկասյանին մեղսագրվում էր կաշառքի գործը, բայց հետո այլ հոդվածներ ևս ավելացան, պաշտպանն ասաց. «Հոդվածներից մեկը վերաբերում է իբր անկախությունից, ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերին։ Մասնավորապես խոսքը վերաբերում է նրան, որ հարցազրույցների ընթացքում Վարդան Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ արժե միանալ միութենական պետությանը՝ շեշտելով, որ պետք է պահպանել Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Նույն կերպ, շատ անձիք ցանկանում են, որ Հայաստանը միանա Եվրամիությանը, մի մասը ԲՐԻԿՍ–ին և այլն։ Բայց այս բոլոր կարծիքների մեջ, քանի որ հենց Վարդան Ղուկասյանն էր այդ կարծիքը հայտնել, աբսուրդային մեղադրանք առաջադրեցին, որ իբր այդ կերպ Վարդան Ղուկասյանը հրապարակային կոչ է արել ինքնիշխանությունից հրաժարվելու։
Այս մեղադրանքը առհասարակ խոսում է ամեն ինչի մասին։ Այս մեղադրանքը խոսում է այն մասին, որ այստեղ խնդիրը ամենևին որևէ իրավական բնույթի վարկածի չի վերաբերվում, այլ խոսքը կոնկրետ Վարդան Ղուկասյանի և նրան ամեն անօրինական միջոցներով ճնշելու մասին է»։
Արամայիս Հայրապետյանը նկատեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանք է կիրառվել հոկտեմբերի 21–ին, իսկ հոկտեմբերի 29–ին քննիչը դատախազի համաձայնությամբ որոշում է կայացրել այլընտրանքային խափանման միջոց կիրառել՝ պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք։
«Այդ պահից սկսած կալանքը այլևս օրենքի իմաստով չի կարող գոյություն ունենալ, որովհետև օրենքը հստակ ասում է՝ կալանքը կիրառվում է, եթե այլընտրանք չի կիրառվում, եթե այլընտրանք է կիրառվում, կալանք չի կիրառվում։ Բայց Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ կալանքի տակ այլընտրանքային խափանման միջոցի պարագայում։
Այս հարցով մեր կողմից միջնորդություն է ներկայացվել գլխավոր դատախազություն հոկտեմբերի 30–ին և մինչ այժմ, արդեն 19 օր որևէ արձագանք չկա։ Այն դեպքում, երբ յոթօրյա ժամկետում պետք է մեզ պատասխան տային։ Սա կարող է ունենալ երկու պատճառ, կամ դատախազությունը այնքան է վստահ, որ Ղուկասյանի գործով ցանկացած ապօրինություն մարսվելու է, որ չի պատասխանում, կամ ուղղակի փաստարկ չունի մեզ պատասխանելու։
Երեկվա դրությամբ մեր կողմից նաև նոր բողոք է ներկայացվել դատախազություն, արդեն իրավասու դատախազի անգործության դեմ։ Տեսնենք այս բողոքին պատասխանը ինչ կլինի, եթե այս բողոքին այս համարված ժամկետում պատասխան չեկավ, հաջորդ քայլը բնականաբար դատական կարգով դատախազության անգործությունը վիճարկելն է»,– հայտարարեց Հայրապետյանը։
Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի առողջական վիճակին, նա ասաց. «Այդ առումով որևէ փոփոխություն չկա, կրկին արհեստական ձևական պահանջներով, ըստ էության, խոչընդոտում են ոչ միայն Վարդան Ղուկասյանի առողջությանը պատշաճ հետևելու հետ կապված պրոցեսին, խոչընդոտում են իր ընտրած բժշկի կողմից զննություն ենթարկվելու իրավունքին, ամբողջական ու բավարար տեղեկատվություն չեն տրամադրում առողջական վիճակի մասին։ Մասնավորապես, թե ինչ է ֆիքսվել, և դա մտահոգիչ է։ Այս խոչընդոտները մեր համոզմամբ, կապված են հենց Վարդան Ղուկասյանի անձի հետ, և նրա անձի թիրախավորման հետ»։





























