44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի տնային կալանքի ժամկետը չի երկարաձգվի։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ մերժեց հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունը՝ ևս 3 ամսով երկարաձգել Ռոստոմյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը։

Պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդեց տնային կալանքի փոխարեն կիրառել բացակայելու արգելքը։ Նշեց՝ Ռոստոմյանն օգոստոսի 26-ից՝ տնային կալանքի մեջ գտնվելով դատարանի թույլտվությամբ ամեն շաբաթ այցելել է «Եռաբլուր»՝ ընդ որում առանց ոստիկանների ուղեկցության, սակայն դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Ուստի որևէ պատճառ չկա Ռոստոմյանի նկատմամբ շարունակել տնային կալանքը։

Դատարանը որոշեց Ռոստոմյանի նկատմամբ սահմանել բացակայելու արգելք և վարչական հսկողություն, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 25-ից, այսինքն՝ Ռոստոմյանի նկատմամբ ավելի վաղ կիրառված տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո։

«Վերջինս պարտավոր է չփոխել իր բնակության վայրը՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, յուրաքանչյուր օրը՝ 21։00-ից մինչև առավոտյան 8։00 չլքել բնակության տարածքը և շաբաթը մեկ անգամ գրանցվել պրոբացիայի ծառայությունում։ Դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նախորդ դատական նիստերում արձանագրված տնային կալանքի հիմքերը նվազել են, խոչընդոտելու հանգամանքն է առկա, դատարանի կողմից մատնանշված խափանման միջոցները կարող են ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,- նշեց դատավոր Ֆարխոյանը։

Դատարանը նաև արգելեց Ռոստոմյանին մարդաշատ վայրեր այցելել։

Հիշեցնենք, որ հեղաշրջման կազմակերպման գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։

Հետագայում  Հրայր սարկավագի,  Աղվան Արշակյանի, Տիգրան Գալստյանի, Դավիթ Գալստյանի, Իգոր Սարգսյանի խափանման միջոցները փոխվել են։