Ներքին գործերի նախարարության գլխավոր քրեական ոստիկանության վարչության և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են չորս օտարերկրյա քաղաքացու, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Վրաստանում ապօրինի կերպով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առանձնապես խոշոր չափերով ձեռք բերելու, պահելու և ներմուծելու մեղադրանքով ձերբակալվել են 2003 թ. ծնված Մ.Մ., 1998 թ. ծնված Ա.Բ., 1981 թ. ծնված Խ.Դ. և 1993 թ. ծնված Բ.Ֆ.-ն։ Չի հաղորդվել, թե կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են նրանք։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մեղադրյալի ձեռքի ուղեբեռի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, այդ թվում՝ մինչև 150 գրամ կոկաին, հոգեմետ նյութեր պարունակող 497 պարկուճ, մորֆին և կոդեին պարունակող չփաթեթավորված նյութ և 1 լիտր 200 գրամ կետամին։
ՆԳՆ աշխատակիցները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ, ակտիվորեն իրականացնում են երկիր թմրամիջոցների ներմուծման և տարածման դեմ պայքարի համալիր միջոցառումներ։ Վերոնշյալ միջոցառումների շրջանակում իրավապահները վերջերս առգրավել են մի քանի հարյուր կիլոգրամ թմրամիջոցներ, որոնք թմրահանցագործություններին մասնակից անձինք փորձել են գաղտնի կերպով և տարբեր եղանակներով ներմուծել երկիր։
Հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 260-րդ, 261-րդ, 262-րդ և 263-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։





























