Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4–ին, գույքի նվիրատվությունն ընդունելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց, որով Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող 0.11 հա մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցվում է ՀՀ-ին։

ՏԿԵ նախարարաի տեղակալ Արմեն Սիմոնյանը իր խոսքում նշեց, որ Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր Կադաստրի կոմիտեին, տեղեկացնելով, որ դատախազության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  տվյալ հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա քաղաքացու սեփականության իրավունք։

«Համայնքի ղեկավարին ուղղված միջնորդագրի արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականությունը։ Հիմք ընդունելով համայնքի ավագանու որոշումը և Կոտայքի մարզի դատախազության գրությունը, առաջարկվում է, ընդունել գույքի նվիրատվությունը Հայաստանի հանրապետությանը, և գույքն ամրացնել ՇՄՆ-ին հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով»,-ասաց Արմեն Սիմոնյանը․

Գլխավոր դատախազ Աննա վարդապետյանն էլ պարզաբանեց, որ նվիրաբերվող  տարածքը «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում է, այն 0.1 հա մակերեսով հողամաս է և ուսումնասիրության արդյունքում Գառնի համայնքի սեփականաության իրավունքն է վերականգնվել, որը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշգրտեց. «Այսինքն՝ «Քարերի սիմֆոնիայի» մի հատված սեփականաշնորհված է եղել ֆիզիկական անձի կողմից, և արձանագրելով, որ դա ապօրինի է, չէր կարող սեփականաշնորհվել, որովհետև հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հող է, այդ կետից չենք վերադարձնում համայնքին, այլ վերադարձնում ենք ՇՄՆ-ին»: