Աֆղանստանի և Պակիստանի պաշտոնյաները հայտնել են, որ հակամարտող կողմերը ուրբաթ ուշ երեկոյան ինտենսիվ կրակոցներ են արձակել միմյանց սահմանի երկայնքով՝ այս շաբաթվա սկզբին խաղաղության բանակցությունների ձախողումից հետո առաջացած լարվածության աճի ֆոնին, հաղորդում է Reuters-ը։

Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Աֆղանական «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ պակիստանյան զորքերը հարձակում են սկսել Ղանդահար նահանգի Սպին Բոլդակ շրջանում։

Պակիստանի վարչապետի ներկայացուցիչը մեղադրել է աֆղանական ուժերին Չամանի հետ սահմանի երկայնքով «չհրահրված կրակոցների» համար։

«Պակիստանը շարունակում է լիովին զգոն լինել և հանձնառու է իր տարածքային ամբողջականության և մեր քաղաքացիների անվտանգության ապահովմանը», - հայտարարության մեջ ասել է Պակիստանի խոսնակ Մոշարաֆ Զաիդին։

Անցյալ շաբաթավերջին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունները դարձել են Կատարի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից կազմակերպված հանդիպումների շարքի մեջ վերջինը, որոնք ուղղված են եղել հոկտեմբերին տեղի ունեցած մահաբեր սահմանային բախումներից հետո լարվածության թուլացմանը։

Իսլամաբադը պնդում է, որ Աֆղանստանում տեղակայված զինյալները իրականացրել են Պակիստանում տեղի ունեցած վերջին հարձակումները, այդ թվում՝ մահապարտ ահաբեկիչների պայթյունները, որոնցում ներգրավված են եղել Աֆղանստանի քաղաքացիներ։ Քաբուլը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ չի կարող պատասխանատվություն կրել Պակիստանի ներսում անվտանգության համար։

Հոկտեմբերյան բախումների ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ, ինչը սահմանին տեղի ունեցած ամենամեծ բռնությունն է եղեկ այն բանից հետո, երբ թալիբները 2021 թվականին իշխանության են եկել Աֆղանստանում։