Պերուի հարավ-արևելքում գտնվող ռեստորանում, որտեղ նրանք հավաքվել էին ծննդյան տոնակատարության համար, բռնկված հրդեհի հետևանքով տասը համալսարանական ուսանող զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է AFP-ն՝ հղում անելով ոստիկանությանը։

Հինգշաբթի կեսօրին հրդեհ է բռնկվել Պունո Անդյան շրջանի Ուանկանա քաղաքում, որը գտնվում է Բոլիվիայի հետ սահմանին։ Զոհերը, որոնք 17-ից 23 տարեկան են եղել՝ մանկավարժական քոլեջի ուսանողներ են եղել։

«Ոստիկանության և դատախազության դատաբժշկական փորձագետների ժամանումից հետո հայտնաբերվել է 10 դի», - AFP-ին հայտնել է տեղի ոստիկանության աշխատակիցը։

Երբ կրակը տարածվել է շենքում՝ ուսանողները մնացել են Calma Tripa ռեստորանի փայտե շենքի երկրորդ հարկում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հարևանները փորձել են մարել կրակը կրակմարիչներով և ջրով լի դույլերով։

Ուականեի քաղաքապետ Վալերիո Տապիան պետական ​​լրատվական գործակալությանը հայտնել է, որ 20,000 բնակչություն ունեցող քաղաքում հրշեջ ծառայություն չկա։

Հարևան Խուլիակա քաղաքի հրշեջները ժամանել են մեկ ժամ անց՝ հրդեհը մարելու համար: Տեղական աղբյուրը, որը խնդրել է անանուն մնալ, AFP-ին ասել է, որ ռեստորանում հրդեհի պատճառը կարող է լինել գազի բաքի պայթյունը: