Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին հեգնանքով է արձագանքել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի՝ Եվրամիությունը «լուծարելու» կոչին։

«Ուղևորվե՛ք Մարս։ Այնտեղ գրաքննություն չկա նացիստական ողջույնների վրա», – գրել է Սիկորսկին։

Հիշեցնենք, որ Մասկն այս տարվա հունվարին ելույթ էր ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո կայացած նախագահական շքերթում։ «Մենք կունենանք անվտանգ քաղաքներ՝ վերջապես, անվտանգ սահմաններ, խելամիտ ծախսեր։ Եվ մենք DOGE-ը կուղարկենք Մարս», – հայտարարել էր նա իր ելույթի ընթացքում՝ ընդգծելով, որ «այսպես է զգացվում հաղթանակը»։

Մասկը նաև նշել էր, որ ամերիկացի աստղագնացները շուտով կկարողանան դրոշ տեղադրել այլ մոլորակի վրա։ Ելույթի ավարտին միլիարդատերը հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել ամբողջ ուժով հանուն երկրի բարեկեցության։ Նա աջ ձեռքը դրել էր սրտին, ապա բարձրացրել այն մի ժեստով, որը դիտորդներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը համարել էին նացիստական ողջույն։ Սակայն Մասկի կողմնակիցները պնդել էին, որ դա պարզապես հուզական ողջույն էր։

Ավելի վաղ Եվրամիությունը Մասկի սոցիալական ցանցին 120 մլն դոլար տուգանք էր նշանակել թափանցիկության կանոնների խախտման համար։ Դրանից հետո միլիարդատերը հրապարակել էր զայրացած գրառումներ, որոնցից մեկում խոսել էր Եվրամիությունը «լուծարելու» և անդամ պետություններին «ինքնավարություն» տրամադրելու մասին։