Եգիպտոսի հյուրանոցներում փայտոջիլների արշավանք է. ռուսաստանցիները բախվել են վերջին 10 տարվա ընթացքում արյունածուծների ամենազանգվածային հարձակմանը, գրում է SHOT Telegram-ալիքը։

Ըստ SHOT-ի, զբոսաշրջիկները անկողնային փայտոջիլներ են հայտնաբերել Հուրգադայի, Շարմ էլ Շեյխի և Սահլ Հաշիշի չորս և հինգ աստղանի հյուրանոցներում։

Դրանցից մեկը հայտնի Flow Spectrum Resort Sahl Hasheesh-ն է, որտեղից միաժամանակ վերադարձել են մի քանի կծոտված հանգստացողներ։

«Սկզբում զբոսաշրջիկներն իրենց մարմնի վրա տարօրինակ խայթոցներ են նկատել, սակայն դրան լուրջ նշանակություն չեն տվել՝ կարծելով, թե մժեղներ կամ մոծակներ են։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք անկողիններում սև արյունածուծներ են գտել»,- գրում է ռեսուրսը։

Ըստ զբոսաշրջիկների, նրանց երկու անգամ տեղափոխել են այլ համարներ, բայց այնտեղ էլ փայտոջիլներ են եղել։ Որոշ տուրագենտներ Եգիպտոսում միջատների հետ կապված իրավիճակն արդեն «համաճարակ» են անվանել. ըստ նրանց, արյունածուծների վերաբերյալ այսքան բողոք չեն ստացել տասը տարի։

Ռուսաստանցիները մտավախություն ունեն, որ փայտոջիլները կարող են ներթափանցել ճամպրուկներ և իրենց հետ «տուն հասնել»։ Դրանց խայթոցները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել՝ պարզ կարմրածությունից մինչև անաֆիլակտիկ շոկ։