Բրիտանական կայսրության և Ազգերի համագործակցության Բրիստոլի թանգարանի հավաքածուից ավելի քան 600 ցուցանմուշ են գողացել «խոշոր գողության» ժամանակ, գրում է The Guardian-ը։
Էյվոնի և Սոմերսեթի ոստիկանության խուզարկուները հայտարարել են, որ փորձում են միջադեպի կապակցությամբ խոսել չորս տղամարդկանց հետ և հրապարակել են խմբի տեսախցիկների նկարահանումները։
Նյութերը գողացել են թանգարանի պահեստից սեպտեմբերի 25-ին, գիշերվա 1-2-ի սահմաններում։
«Շատ նշանակալի մշակութային արժեք ունեցող իրերի գողությունը լուրջ կորուստ է քաղաքի համար։ Այդ իրերը, որոնցից շատերը նվիրատվություն են, կազմում են հավաքածուի մի մասը, որը պատկերացում է տալիս բրիտանական բազմաշերտ պատմության մասին, և հույս ունենք, որ հանրության ներկայացուցիչները կօգնեն մեզ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- հայտարարել են ոստիկանությունում։
Գողության կասկածանքով որոնվում է չորս տղամարդ։
Սեպտեմբերին Էքսետերի Արքայական Ալբերտի հուշահամալիր թանգարանից և արվեստի պատկերասրահից գողացել են 18-րդ դարի վերջի գրպանի ժամացույց և 19-րդ դարի սկզբի կարաբին (mousqueton)։





























