Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Հաագայում, Նիդեռլանդների աջակցությամբ, պատրաստվում է ԱՄՆ նոր պատժամիջոցների հնարավոր կիրառմանը, որոնք կարող են վերաբերել ոչ թե առանձին աշխատակիցների, այլ դատարանի ողջ կառույցին։ Այս մասին տեղեկացրել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ վան Վիլը։
«Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների հետ միասին մենք, իհարկե, կոչ ենք անում Միացյալ Նահանգներին չանել դա։ Բայց եթե գործը հասնի դրան, մենք կքննարկենք, թե ինչպես դիմակայել նման պատժամիջոցներին»,- ասել է նա ուղիղ եթերում։
Վան Վիլի խոսքով՝ միջոցառումների մշակման առաջնահերթ ոլորտներից մեկը մնում է Միջազգային քրեական դատարանի կախվածության նվազեցումը ամերիկյան տեղեկատվական ենթակառուցվածքներից։ Եթե նոր պատժամիջոցներ կիրառվեն, Վաշինգտոնը կարող է արգելել ամերիկյան ընկերություններին ծառայություններ մատուցել դատարանին, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ դատարանի բանկային գործունեության եւ տեղեկատվական համակարգերի վրա։ «Այնտեղ, որտեղ ներկայում օգտագործվում են ամերիկյան ծառայություններ, մենք ստիպված կլինենք գտնել այլընտրանքներ»,- նշել է նախարարը։ NOS հեռուստաալիքի տվյալներով՝ Միջազգային քրեական դատարանը «որոշ ժամանակ» է՝ պատրաստում է համապատասխան միջոցառումներ, որոնց ակտիվորեն մասնակցում են Նիդեռլանդների իշխանությունները։
Դեկտեմբերի 10-ին Reuters գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները Միջազգային քրեական դատարանից երաշխիքներ են ստանում, որ այն չի հետապնդի նախագահ Դոնալդ Թրամփին կամ նրա վարչակազմի պաշտոնյաներին նրա նախագահական ժամկետի ավարտից հետո՝ 2029թ․։ Հաղորդվել է, որ ԱՄՆ-ը կարող է նաեւ պատժամիջոցներ կիրառել ավելի շատ դատավորների կամ դատարանի նկատմամբ, եթե Աֆղանստանում ԱՄՆ զորքերի գործողությունների հետաքննությունը շարունակվի։ Բացի այդ, Վաշինգտոնը ցանկանում է, որ Միջազգային քրեական դատարանը դադարեցնի Իսրայելի ղեկավարության եւ Գազայի հատվածում հակամարտության ընթացքում նրա գործողությունների հետաքննությունը։





























