ԱՄՆ Կոնգրեսը ավարտում է պաշտպանության բյուջեի օրինագծի վերանայումը, որը նախատեսում է գրեթե 900 միլիարդ դոլարի ռեկորդային հատկացումներ: Փաստաթուղթը նախատեսում է Պենտագոնին թույլատրել վերսկսել ստորգետնյա միջուկային փորձարկումները, նշել է The Washington Times-ը։
Օրինագծի մի մասը, որը նվիրված է էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության գործունեությանը, կարող է վերջ դնել ԱՄՆ ստորգետնյա փորձարկումների կամավոր մորատորիումին, որը գործում է 1996-ից: Այնտեղ նշվել է, որ արգելքը ուժի մեջ կմնա միայն այն դեպքում, եթե «օտարերկրյա երկիրը չանցկացնի միջուկային փորձարկում այդ ամսաթվից հետո»: Եթե դա տեղի ունենա, «Միացյալ Նահանգներում միջուկային փորձարկումների արգելքը կվերացվի»:
Նշանակում է՝ Հյուսիսային Կորեայի կողմից 2006-2017թթ․ անցկացված վեց ստորգետնյա միջուկային փորձարկումները թույլ կտան Պենտագոնին եւ էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությանը վերսկսել ստորգետնյա միջուկային փորձարկումները, նշել է թերթը:
Հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը երկու հայտարարություն է արել միջուկային փորձարկումների վերսկսման մասին։ Նախ՝ նա հանձնարարել է պաշտպանության նախարարությանը սկսել փորձարկումները, չնայած անհասկանալի է՝ արդյո՞ք Թրամփը նկատի է ունեցել լիարժեք պայթյունները, միջոցների առաքման թեստավորումը կամ փորձարկումնե՞րը, որոնք չեն հասնում պայթյունի (սուբկրիտիկական են)։ Թրամփը հայտնել է, որ Չինաստանը հինգ տարի հետո միջուկային զենքի քանակով կհավասարվի Միացյալ Նահանգներին։ Սա գործնականում անհավանական է. Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Չինաստանի միջուկային զինանոցը ներկայիս 600 մարտագլխիկից մինչեւ 2030թ․ կաճի մինչեւ մոտ 1 000-ի։
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ Միացյալ Նահանգներն այժմ ունի 51 17 միջուկային մարտագլխիկ (որոնցից 3 700-ը դուրս է բերվել շահագործումից եւ պահեստում է), Ռուսաստանը՝ 5 459, իսկ Հյուսիսային Կորեան՝ մոտ 50 մարտագլխիկ։
Նոյեմբերին Թրամփը հաստատել է փորձարկումները վերսկսելու մտադրությունը։ «Այդ գործընթացը կսկսվի անմիջապես»,- ասել է նա Truth Social սոցիալական ցանցի տեսանյութում, քանի որ «այլ երկրներ արդեն իսկ իրականացնում են թեստավորման ծրագրեր, եւ ԱՄՆ-ը պետք է նույնն անի հավասար պայմաններով»։
Ավելի ուշ CBS-ի հարցազրույցում Թրամփը պատասխանել է ստորգետնյա փորձարկումները վերսկսելու մասին հարցին. «Ես ասում եմ, որ մենք փորձարկելու ենք միջուկային զենք, ինչպես մյուս երկրներն են անում, այո»։
Դեկտեմբերի 5-ին ռազմավարական հրամանատարության ղեկավարի պաշտոնը ստանձնած փոխծովակալ Ռիչարդ Քորելը Սենատի լսումների ժամանակ հայտնել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը լիարժեք միջուկային փորձարկումներ չեն անցկացրել։
Միացյալ Նահանգները միջուկային փորձարկում չի անցկացրել 1992 թվականից։





























