Երեւանում, սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից վնասազերծված բանդային վերագրվող գողոնը դեռ չի հայտնաբերվել, իսկ տուժողներին մինչ օրս իրենց ունեցվածքը չի վերադարձվել: Ավելին, եթե նախաքննությունը նույն հունով ընթանա, շատ հավանական է, որ ավելի շուտ սույն գործով ձերբակալվածների տանից առգրավված ապրանքը վերադարձվի, քան տուժողների ունեցվածը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բանդայի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի հայրը «Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց տանից առգրավված նկարները, որոնք մոտ 2-3 հազար դոլարի արժողություն ունեն, հետ են վերադարձրել իրենց: Չնայած դեռ մոտ 2 հազար դոլարի ոսկեղենը, որոնց մի մասը ձեռք են բերել տարիների ընթացքում եւ մյուս մասը հարսինն է, չի վերադարձվել: Դեռ չի վերադարձվել նաեւ ընտանիքին պատկանող «Համեր» եւ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:
Գուրգեն Հայրապետյանի (Եթումի) եղբոր որդիների`Արամ եւ Արտակ Հայրապետյանների տանից, խուզարկության արդյունքում ոչինչ չի առգրավվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց հայրը Աշոտ Հայրապետյանը: Բանդայի գործով ձերբակալված Քյարամ Ամոյանի մայրն էլ`Կարինե Ամոյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենցից առգրավվել է միայն Քյարամ Ամոյանի կնունքի խաչը, որը մոտավորապես 1000 դոլար արժողության է, եւ Քյարամը այն նվեր է ստացել իր քավորի կողմից:
Զրուցեցինք նաեւ սույն գործում կալանավորված Արման Դալաքյանի մոր`տիկին Սուսաննայի հետ, ով պատմեց. «Հենց առաջին օրն են եկել, բայց ոչինչ չեն տարել: Որտեղից լիներ, եթե նման բան չկա: Արձանագրությունը հարեւանների ներկայությամբ են կազմել, ոչ մի բան չի եղել, ոչ զենք, ոչ գումար, նույնիսկ ոսկեղեն»:
Նշեն, որ մոտ 6 ամիս շարունակվող նախաքննության արդյունքում ոստիկանությունը դեռեւս չի հաջողել նույնիսկ կասկածյալների տներից առգրավված իրերով փոխհատուցել տուժողների վնասը: Մինչ տուժողների արձագանքին հասնելը հիշեցենք, որ նախորդ տարում արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք, որոնցից 4-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 1-ը՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում: Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-06-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր ընդհուպ բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Նկատի ունենալով քրեական գործերով ձեռք բերված ապացույցները ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել նշված 5 քրեական գործերը միացնել մեկ վարույթում եւ նախաքննությունն իրականացնել համատեղ՝ քննությունը հանձնարարելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Նախ`հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը 5 դիմակավորված անձինք վաղ առավոտյան ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա: Այս անգամ էլ դիմակավորված անձինք առանձնատան պարսպի վրայով մտել էին Բեզոյանի տուն, կապել տան անդամներին, ծեծի ենթարկել նրանց, ապա վերցրել թանկարժեք իրերը, փողը¸ սեյֆը եւ հենց Բեզոյանի մեքենայով էլ հեռացել: Ոչ պաշտոնական մակարդակով ասվում էր, որ ընդհանուր առմամբ նախկին պաշտոնյայի տանից գողացել էին 300 հազար դոլարին համարժեք գումար: Իսկ հուլիսի 1-ին լույս 2-ի գիշերը նմանատիպ ավազակային հարձակում տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա: Կրկին առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում, կրկին դիմավորված անձինք մուտք էին գործել Գրիգորյանի տուն, ծեծի ենթարկել նրան ու նրա 2 որդիներին, ապա վերցրել տան չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդերը եւ կրկին հեռացել տանտիրոջը պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայով: Օգոստոսի 21-ին էլ 5-ին ավազակային հարձակում տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանի տան վրա:
Դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը: Այնուհետեւ զենքի սպառնալիքով հափշտակել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկար :Իսկ Նապոլեոն Ազիզյանի կնոջը ու դստերը տրվել են դատաբժշկական ուղեգրեր: Այս անգամ եւս, ոչ պաշտոնական մակարդակով նշվում էր, որ մոտ 300 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար եւ գույք են գողացել Ազիզյանի առանձնատնից: Զրուցեցինք նաեւ տուժողների հետ` հասկանալու համար, թե թալանը ոստիկանները վերադարձրել են իրենց, ինչին ի պատասխան արձագանքեց.«Բացարձակ չեն վերադարձել»: Այն հարցին, որ եթե բանդայի անդամներին ձերբակալել են, ինչու գողոնը չեն վերադարձրել, Ազիզյանը պատասխանեց. «Ասել եմ: Ասում են գողոնը դեռ չի գտնվել: Ինչպես նաեւ զգուշացրել են, որ նախաքննությունը ընթանում է եւ եթե նորություններ լինեն տեղյակ կպահենք»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե միայն իրենց տան թալանը չեն վերադարձել, թե մյուս պաշտոնյաններինն էլ ավելացրեց.«Ես գիտեմ, որ ոչ մեկինն էլ չեն վերադարձրել: Էլ ոչինչ չգիտեմ»:
Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին ուղղված NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հավանակա՞ն է, որ ոստիկանությունը սխալ մարդկանց ձերբակալած լինի, ավելի վաղ պատասխանել էր. «Քննություն է ընթանում եւ քննության ավարտից հետո նոր միայն բոլոր հարցերի պատասխանները հստակ կտրվեն»:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























