ԱՄՆ բանակի հրամանատար Դեն Դրիսկոլը պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի պահանջով հանվել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար նախատեսված խաղաղության բանակցություններից։

Աղբյուրները The Telegraph-ին հայտնել են, որ Հեգսեթը Դրիսկոլին հանել է բանակցություններից, քանի որ կարծում էր, որ նա գերազանցել է իր լիազորությունները։

Լինելով փոխնախագահ Ջեմս Դեյվիդ Վենսի մտերիմ ընկերը՝ Դրիսկոլն արագորեն ժողովրդականություն է ձեռք բերել Թրամփի վարչակազմում և իր փորձի և շրջահայացության շնորհիվ ստացել է եվրոպացիների աճող աջակցությունը։

Նոյեմբերին նրան հանձնարարվել էր Վլադիմիր Զելենսկուն ներկայացնել 28 կետից բաղկացած ծրագիր, որն, ըստ Դոնալդ Թրամփի, կհանգեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության։

Դրա շնորհիվ նա դարձավ Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինա այցելած ամենաբարձրաստիճան անդամը, ինչը վկայում է նրա կարգավիճակի բարձրացման մասին։

Երկու շաբաթ առաջ Դրիսկոլը պետք է վերադառնար Ուկրաինայի մայրաքաղաք՝ հետագա բանակցությունների համար, բայց նա այդպես էլ Կիև չմեկնեց։

Ուկրաինացիներին ասվել էր, որ նա կլինի Փարիզում՝ Զելենսկու և Էմանուել Մակրոնի միջև դեկտեմբերի 1-ի բանակցություններին մասնակցելու համար, սակայն այդ հանդիպումը ւս չեղարկվել է վերջին րոպեին։ «Մեր պատվիրակությունը զարմացած էր»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան՝ ենթադրելով, որ Դրիսկոլին «թույլ չեն տվել գալ»։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Հեգսեթը չի հանել Դրիսկոլին որևէ բանակցությունից։

Ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Դրիսկոլի բացակայությունը իշխանության համար ավելի լայն պայքարի և խաղաղության բանակցությունների նկատմամբ վերահսկողության մաս է կազմում։

Մարկո Ռուբիոյի գլխավորած երկրորդ ազդեցիկ խումբն ավելի կարևոր դեր է խաղում բանակցություններում։ Այդ խումբը նախատեսում է ԱՄՆ, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների հետ շաբաթ օրը մասնակցել Փարիզում անցկացվելիք հանդիպմանը։