Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբների վերակազմավորման պլան են պատրաստում, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ըստ նրանց տվյալների՝ նախատեսվում է նվազեցնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM), ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (EUCOM) և ԱՄՆ Աֆրիկյան հրամանատարության (AFRICOM) կենտրոնակայանների դերը՝ դրանք հանձնելով նոր կառույցի՝ ԱՄՆ Միջազգային հրամանատարության (US International Command) վերահսկողությանը։
Պլանը նաև նախատեսում է ԱՄՆ Հարավային հրամանատարության (SOUTHCOM) և ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության (NORTHCOM) վերակազմավորում, որոնք ռազմական գործողությունների վերահսկողություն են իրականացնում ողջ Արևմտյան կիսագնդում՝ դրանք ենթարկեցնելով նոր ձևավորվող ԱՄՆ հրամանատարությանը (US Americas Command կամ AMERICOM)։
Նշվում է, որ, բացի այդ, Պենտագոնի ներկայացուցիչները քննարկել են ԱՄՆ Արկտիկական հրամանատարության ստեղծումը, որը կենթարկվեր AMERICOM-ին, սակայն, պարբերականի աղբյուրների փոխանցմամբ, այդ գաղափարից, հավանաբար, հրաժարվել են։
Պարբերականը հստակեցնում է, որ այս միջոցառումները համակցված կերպով թույլ կտան ԱՄՆ ռազմական հրամանատարությունների թիվը 11-ից կրճատել 8-ի, ինչպես նաև նվազեցնել չորսաստղանի գեներալների և ծովակալների թիվը, որոնք անմիջականորեն ենթարկվում են պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։
Թերթի զրուցակիցների խոսքով՝ պլանը համահունչ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ այս ամիս հրապարակված ազգային անվտանգության ռազմավարությանը, որում ասվում է, որ «այն օրերը, երբ Միացյալ Նահանգները պահպանում էր ողջ համաշխարհային կարգը, (...) անցյալում են»։
Պարբերականի աղբյուրները հայտարարել են, որ նախատեսվող փոփոխությունները կլրացնեն վարչակազմի մյուս ջանքերը՝ ուղղված Մերձավոր Արևելքից և Եվրոպայից ռեսուրսների վերաբաշխմանը և նպատակաուղղված կլինեն առաջին հերթին Արևմտյան կիսագնդում ռազմական գործողությունների ընդլայնմանը։
Սպասվում է, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը առաջիկա օրերին Հեգսեթին մանրամասն կներկայացնի առաջարկները։
Իր հերթին, Պենտագոնից թերթին հայտնել են, որ չեն մեկնաբանի «ներքին քննարկումների մասին լուրերը» կամ «որոշումների կայացմանը նախորդող հարցերը»։
Ցանկացած ակնարկ այն մասին, թե պաշտոնյաների շրջանում այս հարցի շուրջ կան տարաձայնություններ, «բացարձակապես կեղծ է. նախարարությունում բոլորն են աշխատում նույն նպատակին հասնելու համար՝ գործող վարչակազմի օրոք»,— հայտարարել են ռազմական նախարարությունում։





























