Կամբոջայի և Թաիլանդի միջև այս ամսվա սկզբից սրված սահմանային հակամարտության հետևանքով զոհված կամբոջացիների թիվը հասել է 17-ի։ Ավելի վաղ հաղորդվել է 15 զոհի մասին։ Այս մասին գրում է Khmer Times թերթը՝ հղում անելով Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գեներալ-լեյտենանտ Մալի Սոչհեատին։

2025 թվականի դեկտեմբերի 7-ին թաիլանդական զինուժի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 17 կամբոջացի, այդ թվում՝ մեկ մանկահասակ երեխա, ևս 77 մարդ ստացել է վնասվածքներ. նշել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ սահմանային հակամարտությունում թաիլանդական բանակի կողմից ծանր սպառազինության, ինչպես նաև F-16 կործանիչների, հրթիռային կայանքների, անօդաչու թռչող սարքերի, կասետային ռումբերի օգտագործումը, թունավոր գազի կիրառումը և Կամբոջայի տարածքում զգալի զորակազմի ներխուժումը ՄԱԿ-ի կանոնադրության, ԱՍԵԱՆ-ի խարտիայի և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտում է հանդիսանում։

«Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարությունը կրկին պահանջում է, որ թաիլանդական զինվորականները դադարեցնեն ագրեսիայի բոլոր գործողությունները, դադարեցնեն ապատեղեկատվության տարածումը և անմեղ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների վրա անկանոն հարձակումները», - հայտարարել է Սոչհեատը:

Թաիլանդ-Կամբոջա սահմանին հրազենային բախումներ են սկսվել դեկտեմբերի 7-ին: Կամբոջայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սահմանային շրջաններում մի քանի օր տևած սադրիչ գործողություններից հետո, որոնք ուղղված էին բախման նոր փուլ հրահրելուն, Թաիլանդի զինված ուժերը սկսել են հարձակվել կամբոջական դիրքերի վրա:

Թաիլանդի բանակը հայտարարել է, որ կամբոջական ուժերն առաջինն են սկսել հրետակոծել սահմանամերձ գոտու թաիլանդական դիրքերը, իսկ թաիլանդական զինվորականներն ի պատասխան գրոհել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել առանցքային շրջանների նկատմամբ և վնաս հասցնել հակառակորդին: