Հայաստանցիների եկամուտների աճը հետ է մնում գնաճից: Այդ մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով, թեեւ ընդհանուր գնաճը 4.7 % է, բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ավելի շատ են աճել: Մասնավորապես` միսն ու մսամթերքը թանկացել են 10%-ով, կաթնամթերքը` 7 %-ով, ձեթը` 12%-ով, շաքարավազը` 32%-ով:

Ըստ Ա. Պողոսյանի` գնաճն ինչ-որ առումով բնական երեւույթ է, սակայն պետք է այնպես անել, որ աշխատավարձերն ու թոշակներն ավելի արագ աճեն, հակառակ դեպքում` տեղի է ունենում կենսամակարդակի անկում:

Ա. Պողոսյանի կարծիքով` գնաճի հաշվարկման մեթոդիկան անկատար է, ինչի հետեւանքով գնաճի հայտարարվող մակարդակը ճիշտ չի արտացոլում իրականությունը:

Գնաճին նպաստող կարեւոր գործոններից մեկը, ըստ Ա. Պողոսյանի, տրանսպորտային բարձր ծախսերն են: «Աշխարհի ցանկացած կետից բեռի առաքումը մինչեւ Բաթումի ավելի էժան է, քան Բաթումիից Երեւան»,- ասաց Ա. Պողոսյանը: Իրավիճակը, ըստ նրա, կարող է մեղմվել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմամբ, որը մոտ 260 կմ-ով կկրճատի Բաթումի-Երեւան երկաթգծի երկարությունը: