Դպրոց չհաճախող ոչ մի երեխա մեր տեսադաշտից պետք է դուրս չմնա: Այս մասին հայտարարել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարին կից կոլեգիայի 2012 թվականի առաջին նիստում:
Խորհրդակցությանը, բացի կոլեգիայի մշտական անդամներից, մասնակցել են նաեւ ՀՀ մարզպետներն ու Երեւանի քաղաքապետը: Կոլեգիայի նիստում քննարկվել են կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականությանն առնչվող խնդիրներ:
Նախարարի խոսքով, կրթական համակարգից տարբեր պատճառներով դուրս մնացած երեխաների վերաբերյալ վիճակագրական տվյալները հստակ ու սպառիչ չեն: «Շեշտակի տարբերություն կա պաշտոնական վիճակագրության եւ հասարակական ու միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող տվյալների միջեւ: Այս ուղղությամբ ջանքերի համադրման անհրաժեշտություն կա: Դպրոց չհաճախող ոչ մի երեխա մեր տեսադաշտից պետք է դուրս չմնա: Մեր գերակա խնդիրն է հասկանալ, թե կոնկրետ որ երեխան ինչպիսի աջակցության կարիք ունի: Դպրոցից դուրս մնացած երեխային պետության կողմից մեկնված ձեռքը պետք է ամուր եւ հուսալի լինի, աջակցությունը` նպատակային: Թիվ մեկ հարցը, որ համատեղ պետք է լուծենք, այդպիսի երեխաներին դպրոց բերելն է»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը: Տեղերում իրավիճակի վերաբերյալ մարզպետները ներկայացրել են իրենց գնահատականներն ու մոտեցումները:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների թիվը ճշտելու նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների եւ ոստիկանության համապատասխան բաժինների կողմից կատարվել է ուսումնասիրություն` մայրաքաղաքում հաշվառվել է դպրոց չհաճախող 10 երեխա, արդյունքը վերջնական չէ, աշխատանքները շարունակվում են: Ընդգծելով, որ հիմնական կրթությունն օրենքով պարտադիր է բոլոր երեխաների համար, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն եւ իրավիճակի գնահատական ունենալու նպատակով նախարարությունն ակնկալում է նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես UNICEF-ի աջակցությունը:




























