ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել այն բանաձևի ընդունմանը, որով սահմանափակվում է ամերիկյան զինված ուժերի ներգրավումը Վենեսուելայի դեմ մարտական գործողություններում՝ առանց Կոնգրեսի հավանության։
Բանաձևին կողմ է քվեարկել 211 կոնգրեսական, իսկ դեմ՝ 213 օրենսդիր։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ ԱՄՆ նախագահը պետք է կանխի զինված ուժերի կիրառումը «Վենեսուելայի ներսում կամ ընդդեմ Վենեսուելայի» իրականացվող մարտական գործողություններում՝ առանց Կոնգրեսի համապատասխան թույլտվության։
Փաստաթուղթը ներկայացվել է որպես այսպես կոչված «համընկնող բանաձև»: Նման ակտերն ընդունվում են Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում՝ առանձին կերպով, չունեն իրավաբանական ուժ և խորհրդատվական բնույթ են կրում։ Այսպիսով օրենսդիրներն արտահայտում են իրենց դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ, իսկ գործադիր իշխանությունն իրավասու է անտեսել նմանատիպ փաստաթղթերը։
ԱՄՆ Սահմանադրությունը պատերազմ հայտարարելու լիազորությունը վերապահում է ոչ թե նախագահին, այլ Կոնգրեսին։ Սակայն վերջին տասնամյակների ընթացքում ամերիկյան վարչակազմերի ղեկավարները շատ լայնորեն են մեկնաբանել օրենսդիրների կողմից իրենց տրված՝ արտերկրում զինված ուժ կիրառելու թույլտվությունները, այդ թվում՝ սկզբունքորեն նոր և լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար։





























