2011 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավելի քան 900 դպրոցներում տեղի են ունեցել տնօրենների մրցույթներ, որոնցից ընդամենը մեկ տասնյակի` այսինքն մոտ 1 տոկոսի վերաբերյալ են բողոքներ ու դժգոհություններ եղել: Այս մասին նշվել է այսօր` ԿԳՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստում:
«Այնուամենայնիվ որոշ դպրոցներում կա դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի հետ կապված խնդիր, որն անհրաժեշտ է կարգավորել տվյալ համայնքի բնակչության եւ մարզպետարանի լիազորությունների, ինչպես նաեւ նախարարության քաղաքականության համատեքստում»,- նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ հավելել, որ տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ ավելի հետեւողական աշխատանքի անհրաժեշտություն կա:
Նախարարը մտահոգիչ է համարել այն, որ, համաձայն սոցիոլոգիական հարցումների, կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բավարար տեմպով չեն նվազում:
ԿԳՆ «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված ահազանգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակական դժգոհությունը հիմնականում պայմանավորված է դպրոցներում ապօրինի դրամահավաքով: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծնողական համայնքի աջակցությունը դպրոցին լինի բացառապես օրինականության սահմաններում: Այսինքն՝ աջակցությունը պետք է լինի բացառապես կամավորության սկզբունքով, փոխանցումը՝ դպրոցի բանկային հաշվին եւ կուտակված միջոցների օգտագործումը՝ թափանցիկ եւ նպատակային»,- նշել է ԿԳ նախարարը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ դպրոցների ֆինանասավորմանը, դասագրքերին, ուսուցիչների վերապատրաստմանը եւ ատեստավորմանը, ՀՀ բուհերի նախորդ տարվա հաշվետվություններին ու համակարգի ֆինանսավորմանը վերաբերող մի շարք խնդիրների: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի կրթության ոլորտի գերակայություններից բխող 2012 թվականի միջոցառումները:




























