Ամերիկյան Devon Energy ընկերությունը կվաճառի իր մասնաբաժինը՝ «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» ծովային հանքավայրի մշակման նախագծում՝ մտադիր լինելով կենտրոնանալ ԱՄՆ-ում արդյունահանման վրա, գրում է Trend Capital-ը:
«Մենք վաճառում ենք նախագծում մեր բաժինը, նաեւ մեր միջազգային ակտիվները, ներառյալ՝ Մեքսիկական ծոցում»,- երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին հայտարարել է ընկերության՝ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Չիպ Մինտին՝ նկատելով, որ ընկերությունը մտադիր է կենտրոնանալ Հյուսիսային Ամերիկայում նավթի արդյունահանման ծրագրերի վրա, որտեղ հորատելու ավելի մեծ հնարավորություններ կան:
Որոշ տվյալներով՝ Devon Energy-ն, որը ծրագրում 5,6 տոկոս մասնաբաժին ունի, իր բաժնետոմսերը վաճառքի կհանի 2010թ. առաջին եռամսյակում: Տվյալ հանքավայրի նավթի ընդհանուր պաշարները գերազանցում են 900 մլն տոննան: Նավթի արդյունահանումը օրական կազմել է 822 հազար բարել:


























