Ձմեռ պապի քնքուշ ու բարի թոռնուհի Ձյունանուշը ընկերություն է անում անտառի բնակիչների հետ, երգում է, պարում, հանելուկներ առաջադրում և զվարճացնում երեխաներին: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ Ձյունանուշը միշտ չէ, որ այդպիսին է եղել:

Ժամանակակից Ձյունանուշը՝ որպես ամանորյա կերպար, հայտնվել է համեմատաբար վերջերս: Այդուհանդերձ, որոշ հետազոտողներ ենթադրում են, որ նրա կերպարի արմատները կարող են գնալ դեպի խորը հնություն:

Վարկածներից մեկի համաձայն՝ գեղեցիկ ձյունե աղջկա նախատիպ կարող էր լինել Մարենան՝ առասպելական մի կերպար, որը մարմնավորում էր բնության աշուն-ձմեռային մահվան և գարնանային վերածննդի գործընթացը: Սակայն եթե սլավոնական առասպելներում և ծեսերում Ձյունանուշի կերպարը հստակ տեսքով չի հանդիպում, ապա բանահյուսության մեջ այն բավականին լայնորեն է հայտնի։

XIX դարի կեսերին ռուս մտավորականության շրջանում նկատվում էր հետաքրքրության աճ ժողովրդական ստեղծագործության նկատմամբ։ Առաջինը, ով մշակեց ժողովրդական սյուժեն հրաշք աղջկա մասին, որին ձյունից պատրաստել էին պապն ու տատը՝ իրենց մխիթարության համար, գրող և բանաստեղծ Գրիգորի Դանիլևսկին էր։ 1860 թվականին, ոգեշնչվելով գյուղական պատմություններից, նա հրատարակել է «Снегурка» (Ձյունանուշ) բանաստեղծությունը։ Դրանում ձյունից ստեղծված գեղեցկուհին գարնանը հալվում է, վերածվում ամպի և անհետանում արշալույսի շողերի մեջ։ Այս սյուժեի ուսումնասիրությամբ զբաղվել է նաև հայտնի ազգագրագետ և բանահավաք Ալեքսանդր Աֆանասևը, ով հավաքել էր Ձյունանուշի մասին հեքիաթի տարբեր տարբերակներ։

Հենց Աֆանասևից է դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկին փոխառել այս սյուժեն իր «Ձյունանուշը» (1873) պիես-հեքիաթի համար։ Դրանում գլխավոր հերոսուհին ներկայանում է որպես Մորոզի (Սառնամանիք) և Վեսնա-Կրասնա (Գարուն-Գեղեցկուհու) դուստրը։ Ծնողները նրան բաց են թողնում Բերենդեևկա գյուղ։ Այնտեղ նա ապրում է մարդկանց մեջ, սիրահարվում է և գարնան գալստյան հետ հալվում է բերրիության աստված Յարիլայի պատվին անցկացվող ծիսակատարության ժամանակ։ Ձյունանուշին մեծ փառք է բերել կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, ով Օստրովսկու պիեսի հիման վրա գրել է համանուն օպերան

XX դարի սկզբին «գարնանային հեքիաթի» հերոսուհին սկսել է ասոցացվել սուրբծննդյան տոնածառի հետ։ Ձյունանուշի արձանիկները տոնածառի հանրահայտ զարդարանքներ են եղել, իսկ աղջիկները տոների ժամանակ հագնվել են որպես Ձյունանուշ։

Եթե հեքիաթում Ձյունանուշին ձյունից պատրաստել էին անժառանգ պապն ու տատը, իսկ Օստրովսկու ստեղծագործության մեջ նա դարձել էր Սառնամանիքի և Գարնան դուստրը, ապա թե ովքեր են եղել ամանորյա տոնածառերից մեզ քաջածանոթ Ձյունանուշի ծնողները՝ հայտնի չէ։