Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 10 ամյակին կապակցությամբ, այսօր համալսարանում մեկնարկեց «Ժուռնալիստական կրթության ապագան» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել է Երեւանի մամուլի ակումբի եւ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության աջակցությամբ։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանում ժուռնալիստական կրթության ոլորտում լուրջ խնդիրներ կան։ «Կարծում եմ, որ այս ոլորտում լուրջ համագործակցության, գիտական ներուժի, դասախոսական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի խնդիր կա։ Ուսումնական գործընթացը հստակեցնելու համար մենք սերտ պետք է համագործակցենք։ Առանձին լինելու շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ»,- ասաց նա:
Քաղաքագետ, Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին չի բավարարում Հայաստանում ժուռնալիստական կթության մակարդակը։ Նա ասաց, որ ինչպես լրատվամիջոցների գործունեության, այնպես էլ ժուռնալիստական կրթության ոլորտում եւս բազմաթիվ խնդիրներ կան։ Սակայն վերջինիս համոզմամբ, տնտեսական զարգացման հետ կզարգանա նաեւ ժուռնալիստիկան։ Որպեսզի ժուռնալիստիկայի մակարդակն ավելի բարձրանա, Իսկանդարյանն ասաց, որ պետք է ստեղծվեն մասնագիտական կոմիտեներ եւ պետք է փոխվի այս ոլորտ եկող մարդկանց որակը։
«Ինտերնյուս» լրատվական հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սարգսյանն էլ ընդգծեց. «Ես կարծում եմ, որ մեր ավանդական ժուռնալիստիկայի ֆակուլտետները ժամանակի ընթացքում կվերանան։ Կարիք կլինի ունենալ տարբեր մասնագետներ, տարբեր ոլորտներից, ովքեր հետո կգան լրագրություն։ Լրագրությունը որպես երկրորդ մասնագիտություն սովորելու համար կարծում եմ երկու տարին կհերիքի»:
Նշենք, որ որպես առանձին միավոր` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն 1949 թվականից գործել է բանասիրական ֆակուլտետի կազմում:



























