Գիտնականներն ուսումնասիրել են Երկրի հնագույն լեռնային ապարներից մի քանիսը Հարավային Աֆրիկայի և Էսվատինիի տարածքում գտնվող Մախոնջվա լեռների շրջանում, որոնց տարիքն ընդգրկում է մոլորակի պատմության զգալի մասը՝ մոտ 4,6 միլիարդ տարի, գրում է The Conversation-ը։
Այս ապարները յուրօրինակ «երկրաբանական ժամանակի մեքենա» են, որը թույլ է տալիս տեսնել, թե ինչ տեսք է ունեցել Երկրի մակերևույթը վաղ շրջանում և ինչ գործընթացներ են տեղի ունեցել երիտասարդ մոլորակի վրա։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ հնագույն դարաշրջաններում մոլորակի վրա արդեն իսկ գոյություն են ունեցել ընդարձակ օվկիանոսներ և օվկիանոսի հատակին՝ բուռն հրաբխային գործունեություն։
Երկրի կեղևի տակ հայտնաբերվել է շատ ավելի տաք ներքին շերտ, որտեղից դուրս է եկել արտակարգ տաք մագմայական նյութ, իսկ ստորջրյա ճեղքերից անընդհատ ժայթքել է եռացող ջուր՝ ձևավորելով մետաղական տարրերով հարուստ զանգվածային ստորջրյա կառույցներ։ Այս հիդրոթերմալ աղբյուրների շուրջ կյանքը ծաղկել է դեռևս մթնոլորտում թթվածնի հայտնվելուց առաջ, իսկ առաջին օրգանիզմներն անօդակյաց մանրէներ էին, որոնք, հնարավոր է, ունեցել են վառ գույներ, օրինակ՝ վարդագույն կամ մանուշակագույն։
Հնագույն Երկրի մակերևույթը վտանգավոր միջավայր էր. տարածված էին հրաբխային կղզիները, որոնց ափերին եռում էին տաք տիղմային ավազանները, և պարբերաբար հրաբխային մոխրի ամպեր էին գոյանում։ Երկրաշարժերն առաջացնում էին հզոր ստորջրյա սողանքներ, որոնք իջնում էին դեպի խորջրյա շրջաններ՝ ձևավորելով նստվածքային ապարների հսկայական կուտակումներ։ Նույնիսկ աստերոիդների հարվածները, որոնք խաթարում էին մոլորակի անդորրը, չէին կարողանում ամբողջությամբ ոչնչացնել կյանքի այս պարզունակ ձևերը։
Այդ ժամանակ, չնայած թթվածնի բացակայությանը, մթնոլորտը պարունակում էր մեթանի և ածխաթթու գազի մեծ քանակություն, ինչն ստեղծում էր «ջերմոցային էֆեկտ»՝ պահպանելով ջրի ջերմաստիճանը հեղուկ վիճակում՝ չնայած արևի ավելի թույլ ճառագայթմանը։
Օվկիանոսի ալիքները ողողում էին ավազոտ ափերը՝ առաջացնելով ծոցեր, ծովալճակներ, նեղուցներ ու գետաբերաններ, իսկ մեծ գետերը պղտոր ջուր էին բերում մայրցամաքների ներքին հատվածներից։ Նման հնագույն լանդշաֆտները հիշեցնում էին Օվկիանիայի ժամանակակից օվկիանոսային շրջանները, որտեղ հրաբխային կղզիները, ուժգին երկրաշարժերը և հիդրոթերմալ աղբյուրները ստեղծում են դինամիկ կենսամիջավայր։
Այս երկրաբանական գործընթացները կարող էին նպաստել օրգանական մոլեկուլների քիմիական սինթեզի և Երկրի վրա կյանքի առաջացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։