Պատգամավորական մանդատը վայր դրած, արդեն նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը դեռեւս 2008-ի մարտի 1-ի զարգացումներից հետո է ցանկացել լքել այդ կուսակցությունը, սակայն փորձել է դա այնպիսի մի իրավիճակում անել, որ լարվածություն չստեղծվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացված Գագիկ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ինքն այդ որոշման ո’չ բարոյական, ո’չ տեխնիկական կողմը չի հասկանում: «Ամբողջ խնդիրն այն է, որ կուսակցության վերնախավն իր անպարկեշտությունները փորձում է վերագրել Բաղդասարյան Գագիկին: Ամբողջ ԱԺ-ն գիտի, թե ես ով եմ, իսկ թե իրենք ով են, դա էլ ամբողջ հասարակությանն է պարզ: Սա պայմանավորված է նրանով, որ ՕԵԿ-ում բառի բուն իմաստով բացակայում է արդարությունը եւ ընդհանրապես պարկեշտությունը: Նման գաղափարներ եւ կատեգորիաներ այդ մարդկանց մեջ չկա ընդհանրապես:

Թե ովքեր կուսակացության վերնախավը դուք ինքներդ գիտեք: Այդ կուսակցությունում մի մարդ է որոշումներ ընդունում, երկրորդն էլ իրականացնում է իր տրամաբանության եւ իր արժեհամակարգի շրջանակներում: Այնտեղ ոչ մեկի կարծիքը որոշումներ ընդունելիս չեն հարցնում»,- անկեղծացավ Գագիկ Բաղդասարյանը եւ ավելացրեց, որ նրանք հրահանգ են տալիս եւ պահանջում, որ պատգամավորներն ընդամենը կոճակ սեղմեն: «Հետեւաբար կուսակցության վերնախավին զայրացրել է, թե ինչու իրենց ասածով Գագիկ Բաղդասարյանը չի գործում եւ հակառակ կոճակներ է սեղմում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե իրեն հիմնականում մեղադրում են ԲՀԿ-ի որոշմանը կողմ քվեարկելու համար, Բաղդասարյանն արձագանքեց. «Ես քվեարկել եմ իմ համոզմունքի, իմ խղճի, իմ կայացրած որոշման հիման վրա: ԲՀԿ-ի որոշումը բացարձակ իմ որոշման հետ կապ չունի: Մեր որոշումը համընկավ այն առումով, որ այդ գործիքները, որն իշխանությունն իրականացնում է միջին եւ մանր բիզնեսի նկատմամբ, ոչ մի լավ բանի չի բերի»:

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանում կրկին առաջադրվելուն, իր մանդատը վայր դրած պատգամավորն ասաց. «Կարող է մի փոքր ամպագորգոռ թվա, բայց ես ամենաաղքատ, սոված, ծարավ երեխաների կողքին եմ, թե որ կուսակցությունը կկարողանա երկրում բարեփոխում իրականացնի, որ մարդը կկարողանա իր աշխատանքով արժանապատիվ ապրել, ես նրանց հետ եմ: Կապ չունի ՀՀԿ կլինի, ԲՀԿ, Ժառանգություն, թե` ՀՅԴ»:

Ի դեպ, նա նշեց, որ ներկա պահին կաշկանդված չէ, քանի որ վայր է դրել ՕԵԿ-ի մանդատը: «Բայց դա իմ ընտրողներն են ինձ վստահել, այդ քվեն տվել, ոչ թե` ՕԵԿ-ը: Օրինաց երկիր կառուցելու գաղափարի շնորհիվ են ինձ այդ մանդատը տվել իմ սիրելի աջափնյակցիները: Ես 2007ի ընտրություններում մոտ 7 հազար ձայն եմ ստացել»:

Հարցին, թե ՕԵԿ-ի ներսում իր նման անհամաձայնություններ ունեցողները շա՞տ են եւ իրեն այլ կուսակցականներ կհետեւե՞ն, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես իմ համար կարող եմ պատասխան տալ, իսկ թե մնացածները ինչ կորոշեն, դա իրենց խնդիրն է»: